երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
«Հեղափոխական» հախուռնությունը մի դարձրեք գործելաոճ. Դավթաշենի նախկին ղեկավար

«Հեղափոխական» հախուռնությունը մի դարձրեք գործելաոճ. Դավթաշենի նախկին ղեկավար

Դավթաշեն վարչական շրջանի նախկկն ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը կարծում է, որ ոստիկանությունն իր մասին տեղեկությունը երեկ տարածելիս թույլ է տվել անմեղության կանխավարկածի խախտում։

««Անմեղության կանխավարկածի ինստիտուտի գոյությունը «հետհեղափոխական» Հայաստանում սկսում է կրել ֆորմալ բնույթ: Հատկապես ոստիկանության լրատվական ծառայության վերջին մի քանի լայն տարածում գտած նյութերից կարելի է ենթադրել, որ քաղաքական ենթատեքստը և քաղաքական վերադասի հաճոյախոսությանը և գնահատմանը արժանանալու ձգտումը «Դուխով» կամ «Նոր» Ոստիկանության համար դարձել է գործելաոճ՝ ի հաշիվ անմեղության կանխավարկածի:

Շեշտում եմ՝ ինստիտուցիոնալ պատասխանատվությունը և սպայական պատվի արժեքը երկարաժամկետ և մնայուն են, իսկ անձնական, հարաբերային, կարիերիստական և նոմենկլատուր շահերի քողարկումը կարճաժամկետ և նույն հիերարխիկ արժևորման առումով շատ արագ կարող է պետք չգալ և դառնալ քաղաքական առումով ժամկետանց՝ նույն քաղաքական վերադասի համար:

Թերևս այս գործելաոճի արդյունքն է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու առիթ տալիս նույն քաղաքական վերնախավի որոշ անդամների հովանավորչությունը վայելող կառայանմաններին ու կարաբինանմաններին, որոնք առանց վարանելու ոստիկանության շենքում ձեռք են բարձրացնում ոստիկանի վրա: Սրա մասին է պետք մտածել, «Դուխով» ոստիկաններ։

Հարգեք իրավական պետության ինստիտուտները, «հեղափոխական» հախուռնությունը մի դարձրեք գործելաոճ և սպասեք դիվիդենտներ կատարված անփույթ և կանխակալ աշխատանքից, որը թողնում է բացառապես վարկաբեկման առաքելություն ունեցող տպավորություն: Այս գործելաոճի պատասխանը կարող է նույն իրավական պատասխանատվության մակարդակով հետ վերադառնալ», իր ֆեյսբուքյան էջում գրել է Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ ոստիկանությունը երեկ տեղեկացրել էր, որ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը ապօրինություններ է թույլ տվել: Ըստ աղբյուրի, վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 9 մլն դրամի վնաս։

  • Կիսվել: