Հայհոյանքների բառապաշարը սպառվել է, եկեք բովանդակային խոսենք. Փաշինյանը՝ ընդդիմությանը
Ցավոք, մեզ դեռ չի հաջողվել հասնել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, բայց մենք այդ ուղղությամբ բոլոր ջանքերը գործադրում ենք: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասացլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին, թե ինչպես է ստացվում, որ իշխանությունը փորձում է Արցախին դարձնել բանակցությունների մաս՝ հորդորելով քննարկումներ ունենալ Բաքվի հետ, փորձում է ընդգծել նրա սուբյեկտայնությունը, եւ ինչու է ընդդիմությունը դա դիտարկում որպես Արցախից ՛՛ձեռքերի լվացում՛՛:
Վարչապետը շարունակեց. ՛՛Բայց այն, որ նաեւ Հայաստանում եւ Ղարաբաղում այդ հարցում այդ պրոցեսին խանգարողներ կլինեն, դա անակնկալ է: բայց երբ նայում ենք, որ այդ իրենք են, որ Արցախին դուրս են թողել բանակցային գործընթացից, դա այդքան էլ անակնկալ չի:
Ինչու են բանակցային գործընթացից դուրս թողել բանակցային գործընթացից, որովհետեւ դա ՀՀ-ում իշխանություն ստանալու գինն էր 1998-ին: Ես ունեմ քաղաքական համոզմունք, որովհետեւ այլ բացատրություն չեմ գտնում՛՛:
Փաշինյանը խոսեց նաեւ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի եւ դրանից հետո ընդդիմության հայտարարության մասին, որ չեն մասնակցելու կառավարության հետ հարցուպատասխանին.
Նա ասաց. ՛՛Ինչու՞ չեք գալիս բարձրացնելու այդ հարցերը: Թող գան, ապացուցեն, որ այս ամբիոնին կանգնած մարդը և մարդիկ Արցախը թողնում են: Առերես խոսակցությունից անընդհատ փախչում են: Մի ժամանակ դռնփակից էին փախչում, հիմա նաև դռնբացից են փախչում։ Սա ինչի՞ մասին է վկայում։
Աղմուկն այլևս իմաստ չունի, ժամանակն է բովանդակային քննարկման, որովհետեւ իրար ինչ ասես ասել ենք, շիշ շպրտելուց սկսած՝ ինչ կարող էր տեղի ունենալ, տեղի է ունեցել: Դե կրակել հլը որ չի ստացվում իրենց մոտ, չի էլ ստացվի։ Կա խոսակցություն, եկեք խոսենք՛՛:
Փաշինյանն ասաց, թե պատրաստակամություն է հայտնում դռնփակ և դռնբաց ռեժիմով հանդիպել ընդդիմության հետ և պատասխանել իրենց բոլոր հարցերին: ՛՛Իրենք միայն ինձ հետ խոսելուց չեն խուսափում, իրենք իրենց գործատուի հետ խոսելուց էլ են խուսափում, որովհետև իրենց գործատուն գնալով ավելի է հասկանում, որ այս մարդիկ ջուր են ծեծում։ Հայհոյանքների բառապաշարը սպառվել է, եկեք բովանդակային խոսենք՛՛,-նշեց նա:


