«Հայաստանը մեծ քայլեր է անում». ՀՀ անկախության 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է կայացել Չինաստանում
Սեպտեմբերի 20-ին Պեկինում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 33-րդ տարեդարձին, որին ներկա էին Պեկինում հավատարմագրված դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, Չինաստանի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ասպարեզների և հայ համայնքի ներկայացուցիչներ և ուսանողներ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ չինական կողմից միջոցառմանը որպես պատվո հյուր մասնակցում էր Չինաստանի ԱԳՆ Կոմունիստական կուսակցության կոմիտեի անդամ, ԱԳ նախարարի օգնական Լյու Բինը։
Հանդես գալով բացման խոսքով՝ դեսպան Գևորգյանը նշեց, որ պատմության ընթացքում հայ ժողովուրդը բազմաթիվ նշանակալի օրեր է ունեցել, սակայն սեպտեմբերի 21-ի խորհուրդը հատուկ է, քանի որ այն նոր իմաստ է հաղորդում բոլոր մյուս հիշարժան օրերին։ Հայ ազգի գոյատևումը մեր նախնիների զոհողությունների և տոկունության միջոցով նոր իմաստ է ստացել, և մենք գոյատևել ենք ոչ միայն գոյատևելու, այլ ազատությունն ու վերածնունդը անհատապես և հավաքականորեն մեր հայրենիքում վայելելու համար։
Անդրադարձ կատարելով տարածաշրջանային խնդիրներին՝ դեսպան Գևորգյանը ներկայացրեց ՀՀ մոտեցումները տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման ուղղությամբ։
Իր խոսքում դեսպանը հայտնեց, որ վերջին տարիներին երկու երկրները Հայաստանի և Չինաստանի ղեկավարների ռազմավարական ղեկավարությամբ ամրապնդել են իրենց հարաբերությունները քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում, ակտիվացել են բարձր մակարդակի փոխադարձ այցելությունները, իսկ երկկողմ առևտուրը զգալիորեն աճել է՝ Չինաստանը դարձնելով Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը։ Դեսպանը նշեց, որ առանց վիզայի ռեժիմը և նոր ուղիղ չվերթները խթանում են զբոսաշրջությունը և մարդկանց միջև կապերը՝ համոզմունք հայտնելով, որ գալիք տարիները նոր հնարավորություններ կբերեն ենթակառուցվածքային նախագծերի զարգացման համար՝ չինական «Գոտի և ճանապարհ» և հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունների ներքո:
Չինաստանի ԱԳՆ Կոմունիստական կուսակցության կոմիտեի անդամ, ԱԳ նախարարի օգնական Լյու Բինը, ելույթ ունենալով միջոցառմանը, ջերմորեն շնորհավորեց Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ և նշեց, որ Հայաստանը վաղեմի քաղաքակրթություն է, իսկ աշխատասեր ու խիզախ հայ ժողովուրդը ուրույն մշակույթ է ստեղծել Եվրասիական մայրցամաքում, որի շատ դրսևորումներ հայտնի են ամբողջ աշխարհում։
Լյու Բինը նշեց, որ Հայաստանն այսօր գնում է իր զարգացման ճանապարհով և մեծ քայլեր է անում այդ ուղղությամբ, և Չինաստանը, որպես Հայաստանի լավ բարեկամ և գործընկեր, ուրախ է այդ ձեռքբերումների ականատեսը լինել։
Չինացի դիվանագետը նշեց, որ 32 տարի առաջ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, Չինաստան-Հայաստան հարաբերությունները ամուր և կայուն աճ են արձանագրել, ինչի ապացույցն է աճող քաղաքական վստահությունը, լայնածավալ համագործակցության մեծ առաջընթացը և արդյունավետ միջազգային համակարգումը: Եզրափակելով իր խոսքը՝ Լյու Բինը նշեց, որ այսուհետ նույնպես Չինաստանը պատրաստ է կիսվելու իր զարգացման հնարավորությունները Հայաստանի հետ՝ ընդհանուր զարգացումն ու վերածնունդը խթանելու համար։
Միջոցառման պաշտոնական հատվածին հաջորդեց մշակութային մաս, որի ընթացքում հայ և չինացի երաժիշտները հայ ջութակահարուհի, Շանհայի սիմֆոնիկ նվագախմբի անդամ Աստղիկ Պողոսյանի գլխավորությամբ հայկական և չինական երաժշտական գործիքների համադրությամբ կատարեցին երկու երկրների ազգային երաժշտության հատընտիր համարներ։
ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումը եզրափակվեց ազգային ճաշատեսակների հյուրասիրությամբ։


