Հայաստանում մեզնից խաղաղության գնալու հավաստիացումներ են լսում, Բաքվից՝ սպառնալիքներ․ Միրզոյան
Հայաստանի շարքային քաղաքացիները մեկ օրվա մեջ կարող են մի շարք հավաստիացումներ լսել մեր կառավարությունից խաղաղության հաստատելու, թշնամանքի էջը փակելու մասին, այն էլ այն դեպքում, երբ դեռ վերքերը թարմ են, բայց միաժամանակ նույն օրվա մեջ կարող են մի շարք սպառնալիքներ լսել Ադրբեջանից՝ այդ թվում նորից ռազմական ուժ կիրառելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու մասին։ Այս մասին այսօր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Նման հայտարարություններ հնչում են Ադրբեջանի խորհրդարանի անդամների, կառավարության հետ սերտ կապ ունեցող լրատվամիջոցների, բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով։ Այնպես որ, այդ սպառնալիքները կան։ Մենք, մեր ադրբեջանցի, վրացի, թուրք գործընկերները ընտրության հնարավորություն ունենք՝ սպասեն ևս մի 100-200 տարի՝ համոզվելու համար, որ փոփոխություններն անշրջելի են, թե սկսենք քարը քարի վրա դնել ու խաղաղություն հաստատենք տարածաշրջանում, տնտեսական ու էներգետիկ համագործակցություն հաստատենք՝ շատ ոլորտներ կան, որտեղ կարելի է դա անել, և Վրաստանն էլ կարող է առաջատարի դեր ստանձնել այդ հարցում։
Մենք կարող են միմյանց կապել հասարակությունները՝ ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլևս Վրաստանի ու Թուրքիայի։ Մենք հավատում ենք 21-րդ դարին։ Մենք ընտրում ենք համագործակցելու ճանապարհը, բայց չենք կարող միայն ինքներս մեզ հետ համագործակցել՝ պետք է մյուս կողմից էլ նման պատրաստակամություն լինի»։