կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը գրքեր է նվիրել Գավառի պետական համալսարանին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը գրքեր է նվիրել Գավառի պետական համալսարանին

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով բաժինը Գավառի պետական համալսարանին նվիրել է ֆրանսերեն գրքեր: 

Ինչպես տեղեկացրին Գավառի պետական համալսարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գրքերը փոխանցել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով բաժնի կրթական համագործակցության պատասխանատու Դոմինիկ Վեսը։ 

Այնուհետ Դոմինիկ Վեսը և Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը  քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները:

Գրքերի հավաքածուն կազմվել է Ֆրանսիայում գործող "Defis Humanitaires" մարդասիրական կազմակերպության նախագահ Ալեն Բուանեի նախաձեռնությամբ՝ ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսոնի հովանավորությամբ: Ծրագրին իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև Ֆրանսիայի Ազգային հրատարակչական միության նախագահ Վենսան Մոնտանը, «Ռենո» հրատարակչությունը և Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանային իշխանությունները:

Նվիրատվության մեջ ներառված են ժամանակակից ֆրանսիական գրականության նմուշներ, որոնք կօգտագործվեն համալսարանի ֆրանսերենի դասընթացներում, ինչպես նաև կառաջարկվեն ֆրանսերենին տիրապետող ընթերցողներին: 

 

  • Կիսվել: