Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը չի ողջունվում. Պուտինի օգնական
Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ոչ բոլոր մասնակիցներն են ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնման փաստը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը չի ողջունվում։ Ափսոսանքով պիտի նշեմ, որ այդ առաքելությունն ընդլայնվում է։ Հունիսին դրա կազմում 138 հոգի կար, այժմ՝ մոտ 210։ Նախատեսվում է, որ առաքելության կազմը պետք է հասցվի 600-ի։ Թե ինչով են նրանք այնտեղ զբաղված, կարելի է, իհարկե, պատկերացնել»,- ասել է Ուշակովը։
Նա նաև հավելել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ողջ «կեղտոտ աշխատանքը» կատարվել է Մոսկվայում։
«ԱՄՆ-ն և մի շարք արևմտյան երկրներ փորձում են մտնել պայմանագրի վրա աշխատելու գործընթացի մեջ, նրանք իրենց գործողություններով ցանկանում են ներգրավվել բանակցային գործընթացում և տարածաշրջանային գործերի մեջ»,–լրագրողների հետ զրույցում ասել է Յուրի Ուշակովը։