Հայաստանն ու Ադրբեջանը միջպետական մակարդակում առաջին անգամ են փաստաթուղթ ստորագրել. Փաշինյան
Ստացվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միջպետական մակարդակում առաջին անգամ են փաստաթուղթ ստորագրել, եւ սա իրական Հայաստանի ռազմավարության որոշակի արդյունք է: Այս մասին, այսօր Համաշխարհային հայկական գագաթաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգին:
«Բոլորս շատ ապրումներ ենք ունեցել, մասնավորապես Տավուշի մարզի սահմանազատման արդյունքում: Ես կխնդրեի, որ մեր այն հայրենակիցները, որոնք ժամանակ ունեն եւ դեռ հարցեր ունեն այդ պրոցեսի մասին, գնան Կիրանց, գնան Ոսկեպար, տեսախցիկներից դուրս շփվեն այդ գյուղերի բնակիչների հետ, որոնք ամենամեծ մտահոգություններն ունեին:
Վերջին անգամ, երբ այցելել եմ այնտեղ, մի հարց եմ տվել, ասել եմ՝ սիրելի հայրենակիցներ, ո՞նց է կյանքը ահմանազատումից հետո: Կարոեղ եմ ասել, որ նրանց պատասխանները ինձ ավելի քան բավարարելն է: Դա էլ է վերաբերմունքի փոփոխություն: Միջավայրի փոփոխությունը չի կարող չլինել, որովհետեւ կա սահման: Տեղի ունեցածին ամենամեծ ու ամենակարեւոր արձագանքը տվեցին Սյունիքի Ճակատեն գյուղի բնակիչները, երբ ինձ հարց տվեցին, թե իսկ մեզ մոտ երբ է դա տեղի ունենալու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: