Հայաստանն առաջին հերթին ինքն իր վրա պիտի վստահ լինի. Քոչարյան
Լարվածությունն այն աստիճանի չէ, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին: Այս մասին այսօր ՊՆ-ում մեկնարկած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:
Նա նշեց, որ ՀՀ ԶՈւ այսօրվա վիճակն այնպիսին է, որ կարող է հենվել իր ուժերի վրա: Նա նշեց նաև, որ այս տարի կրակոցներն ավելի քիչ են, քան նախորդ տարիներին:
Քոչարյանն անդրադարձավ նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի այն հայտարարությանը, թե Հայաստանը ոչինչ չի ասել իրենց սահմանային կրակոցների վերաբերյալ, իրենք էլ հարցը չեն դարձրել քննարկման առարկա: Այս առնչությամբ նա ասաց. «Հայաստանն այս պահին դրա կարիքը չունի, եթե պետք լինի, Հայաստանը եւ՛ կխոսի, եւ՛ այդ հարցը կբարձրացնի, եւ՛ հարցերի լուծմանը կհասնի: Պարոն Զատուլինը ճիշտ է ասում, բայց չմոռանանք, տարիներ առաջ, երբ մեր սահմանում լարվածություն կար (հիմա էլ կա), Բորդյուժայի հայտարարությունը, ՀԱՊԿ-ը պատրաստ էր որեւէ ձեւով արձագանքել, եթե դա վերաբերում էր ՀՀ սահմանների պաշտպանությանը»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ միգուցե Հայաստանը վստա՞հ չէ իր դաշնակցի վրա, դրա համար էլ չի դիմում, Ա. Քոչարյանն ասաց, որ Հայաստանն առաջին հերթին պետք է ինքն իր վրա վստահ լինի: