հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում միջազգային միջնորդի ներգրավման կարիք կա․ Մամիջանյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում միջազգային միջնորդի ներգրավման կարիք կա․ Մամիջանյան

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում միջազգային միջնորդի ներգրավման անհրաժեշտություն է տեսնում: 

Մամիջանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում: 

«Գուցե, պետք է գոնե հիմա փորձել այլ ճանապարհ՝ ներգրավել միջազգային միջնորդ, ներգրավել բանակցային գործընթացի երաշխավոր, վերափոխել բանակցությունների տրամաբանությունը և այլն»,–ասաց Մամիջանյանը: 

Նա ընդգծեց, որ թե՛ այս կոնֆլիկտի պատմությունը, թե՛ համաշխարհային կոնֆլիկտների պատմությունը ցույց է տվել, որ երբեք առանց միջնորդի, առանց երաշխավորի նման բանակցություններ չեն ընթանում: «Չկա նման դեպք պատմության մեջ»,–ասաց Մամիջանյանը: 

Խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ միջնորդական և երաշխավորական առաքելությունների մասին իր դիրքորոշումը չունի որևէ աշխարհաքաղաքական ուղղվածություն: Այդ պատճառով նա չնշեց որևէ երկիր ու միջազգային կազմակերպություն:

«Անհրաժեշտ է գտնել մի որևէ երկիր կամ միջազգային կազմակերպություն, որը համապատասխանում է երկու մինիմալ պահանջների: Առաջինը՝ ունակ է ներգրավվել, կարող է իր հեղինակությամբ այնպես անել, որ երկու կողմերն էլ ընդունեն իր միջնորդական ծառայությունները: Երկրորդը՝ այն այս կամ այն կերպ ներգործողություն և ներկայություն ունի տարածաշրջանում, ում ասածը կարող է գնալ անդին, քան հայտարարությունները: Բացառությամբ Թուրքիայի՝ ցանկացած կողմ և ցանկացած միջազգային կազմակերպություն, որը համապատասխանում է այս երկու մինիմալ պահանջներին, կարծում եմ, որ շատ ավելի լավ արդյունքի կբերի, քան այս պահին ընթացող բանակցությունները»,–ասաց Մամիջանյանը: 

 

  • Կիսվել: