ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայ եւ ադրբեջանցի լրագրողների "կոնֆիդենցիալ" փոխայցերի մանրամասները

Հայ եւ ադրբեջանցի լրագրողների "կոնֆիդենցիալ" փոխայցերի մանրամասները

Օրերս հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց հայաստնցի և ադրբեջանցի լրագրողների փոխայցերի կազմակերպման մասին։ Տեղեկացվեց, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչները կհանդիպեն երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների և գործընկերների հետ: Այցի այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Լիազոր գերատեսչություններն ընդհանրապես հրաժարվում են որևէ տեղեկատվություն տրամադրել այս մասին։ Տպավորությունն այնպիսին է, որ այցելությունները կազմակերպվում են հույժ գաղտնի։ PrimeNews.am-ի թղթակցի խնդրանքին գոնե հաստատել կամ հերքել այս տեղեկատվությունը, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը խորհուրդ  տվեց այդ հարցով դիմել Արտաքին գործերի նախարարություն: ԱԳՆ-ում հրաժարվեցին որեւէ կերպ մեկնաբանել այդ տեղեկությունը։ 

Թե որն է այդ այցերի նման խիստ "գաղտնիության" պատճառը, պարզ չէ, քանի որ ավելի վաղ Հայաստանում արդեն եղել են մի խումբ ադրբեջանցի լրագրողներ, հանդիպել հայ գործընկերների և պատգամավորների հետ: Այցը միանգամայն ադեկվատ է ընկալվել, ավելին ՝ հասարակական որևէ աժիոտաժ չի առաջացրել և, կարելի է ասել, նույնիսկ աննկատ է անցել ։   

Սակայն, PrimeNews.am-ին հաջողվել է պարզել հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերի որոշ մանրամասներ։ Այսպես, ըստ մեր աղբյուրների, հայկական կողմից փոխայցերը կազմակերպում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը։ Ի սկզբանե "հավակնորդների" մեծ ցուցակից ընտրվել են չորս լրագրողներ։ Հետագայում հաստատվել են  այդ չորսից երկուսի թեկնածությունները։ Սակայն նրանց անունները գաղտնի են պահվում, և որևէ տեղեկություն ստանալ այդ մասին չհաջողվեց։ Հայ լրագրողների այցը ԱՀ պետք է սկսվեր նոյեմբերի 17-ին։ Իսկ նոյեմբերի 18-19-ին պատասխան այցով Հայաստան պետք է ժամանեին  ադրբեջանցի լրագրողները։ Ավելին, նոյեմբերի 18-ին Արտաքին գործերի նախարարությունում նախատեսվում էր ճաշ՝  նրանց մասնակցությամբ ։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: