երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Հայ ազգն ու հայրենիքը վտանգավոր կացության մեջ են. երեք կուսակցությունների հայտարարությունը

Հայ ազգն ու հայրենիքը վտանգավոր կացության մեջ են. երեք կուսակցությունների հայտարարությունը

Ազգային երեք կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Չորեքշաբթի, Փետրուար 12, 2025-ի երեկոյեան, ՀՅԴ-ի Կլենտէյլի կեդրոնատեղիին մէջ, ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի Արեւմտեան Ամերիկայի ղեկավարութեանց ներկայացուցիչները ունեցան երկժամեայ հանդիպում մը, որուն ընթացքին արծարծուեցան Հայաստանի և Արցախահայութեան իրավիճակն ու տագնապները, Արեւմտեան Ամերիկայի հայութեան և յա՛տկապէս այստեղի հայ երիտասարդութեան դիմագրաւած ազգային բնագաւառի մարտահրաւէրները, ինչպէս նաեւ մեր տեղական ազգային կեանքը յուզող հարցեր: Հանդիպումին ՍԴՀԿ-էն կը մասնակցէին Միհրան Խաչատուրեան (ատենապետ), Ռուբէն Մուղալեան և Գրիգոր Մոլոյեան, ՀՅԴ-էն՝ Կարօ Մատէնլեան (ատենապետ), Տարօն Տէր Խաչատուրեան եւ Արմէն Յովհաննիսեան, ՌԱԿ-էն՝ Թամար Փոլատեան-Փերոն (ատենապետ), Կարօ Քիւփէլեան և Գէորգ Գրիգորեան:

Հանդիպման ընթացքին շեշտը դրուեցաւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն ու յատուցումը յաւելեալ թափով ու առանց վարանումի կամ ընկրկումի հետապնդելուն, Արցախահայութեան իր հայրենիք վերադարձի իրաւունքը ապահովելուն, Պաքուի մէջ գերեվարուած Արցախի ղեկավարութեան և այլ արցախահայ քաղբանտարկեալներու ազատ արձակման, ինչպէս նաեւ ի հեճուկս մեր առջեւ ցցուած բոլոր դժուարութեանց, մեր անկախ հայրենի պետականութեան առաւելագոյն ուժերու լարումով և նպատակասլաց աշխատանքով նեցուկ կանգնելուն վրայ։ Ցեղասպան Թուրքիոյ և անոր գործընկեր Ազրպէյճանի հայաջինջ քաղաքականութիւնը կը մնայ առկայ նաե՛ւ այսօր: Հանդիպման ընթացքին որոշուեցաւ նախորդ տարիներուն հաստատուած աւանդութեամբ ու միացեալ ճիգերով նոր թափ տալ գաղութային Ապրիլեան ոգեկոչման միացեալ կառոյցին (AGC-UACLA), և խուռներամ մասնակցիլ նախատեսուած Ապրիլեան ոգեկոչումներուն: Այլ տեղ, կը նախատեսուին նաեւ երեք կուսակցութեանց համատեղ ու համահունչ ճիգերով ազգային և գաղութային այլ օրակարգեր տանիլ յառաջ:

Ակնյայտ է որ Հայ ազգն ու հայրենիքը վտանգաւոր կացութեան մէջ են, ու դարձեալ կը գտնուինք դժուարութեանց ու աշխարհաքաղաքական թոհուբոհի մէջ: Արդ, մեր կոչն է բոլորին համախմբուիլ մեր ազգային ու միութենական կառոյցներուն շուրջ, կարչած մնալ ազգային պահանջատիրութեան, արժէքներուն և մեր իրաւունքներուն, ու մասնակցութիւն բերել ազգի անվտանգութեան և բարօրութեան օգտին համար: Ահա ա՛յդ է ճիչը մեր բիւրաւոր ու սրբադասուած նահատակներուն:

ՍԴՀԿ Արեւմտեան Ամերիկայի Վարիչ Մարմին

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէ

ՌԱԿ Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութիւն»։

  • Կիսվել: