Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծումը թույլ կտա գտնել խնդիրների համալիր լուծում. Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուտափույթ մեկնարկը թույլ կտա առկա խնդիրներին համալիր լուծում գտնել։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա վստահեցրել է, որ մեկ տարի առաջ երեք երկրների ղեկավարների կողմից լիակատար հրադադարի և ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության բոլոր ուղղություններով աշխատանքը շարունակվում է։
Զախարովան նշել է, որ նոյեմբերի մեկին ու երկուսին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով աշխատանքային գործընթացը:
՛՛Նախարարները համակարծիք էին այն գնահատականներում, որ անցած մեկ տարվա ընթացքում իրավիճակը տարածաշրջանում կայունացել է, հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է։
Երևանում և Բաքվում բարձր են գնահատում ռուս խաղաղապահների դերը, առանձին միջադեպերը կարգավորվում են երկու կողմերի հետ շարունակական փոխգործակցության միջոցով։ Ջանքեր են գործադրվում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ՛՛, -ասել է Զախարովան:
Նա նաև հավելել է, որ սահմանային միջադեպերի կարգավորման նպատակով շարունակվում են շփումները երեք երկրների ԱԳՆ-ի, պաշտպանության նախարարության, սահմանապահ ծառայությունների գծով: Ռուսաստանը նաև խնդրի համալիր լուծում է տեսնում հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի շուտափույթ սկսումը՝ դրան հաջորդած սահմանագծմամբ։ Զախարովայի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ակտիվ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ:


