չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Հարիսի պարտության հիմնական պատճառներից մեկը դեմոկրատների կարճ ժամանակահատվածում ճիշտ վերադասավորվել չկարողանալն էր. քաղաքագետ

Հարիսի պարտության հիմնական պատճառներից մեկը դեմոկրատների կարճ ժամանակահատվածում ճիշտ վերադասավորվել չկարողանալն էր. քաղաքագետ

Դեմոկրատները չկարողացան կարճ ժամանակահատվածում ճիշտ վերադասավորվել. դա Հարիսի պարտության հիմնական պատճառներից մեկն էր:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Հարիսի պարտության հիմնական պատճառներն ու նախընտրական սխալները.

2016թ. ընտրություններին մասնակցեց 137մլն ընտրող:
2020թ. ընտրություններին մասնակցեց 158մլն ընտրող:
2024թ. ընտրություններին մասնակցեց 144մլն ընտրող:

Ի դեպ, 2016 թվականից ԱՄՆ բնակչությունն աճել է 11 միլիոնով:

2020թ. Բայդենը հավաքեց 81մլն ձայն:
2020թ. Թրամփը հավաքեց 74մլն ձայն:
2024թ. Թրամփը հավաքեց 74մլն ձայն:
2024թ. Հարիսը հավաքեց 70մլն ձայն:

Էլեկտորալ այս ծավալի զանգվածի կորուստը կատաստրոֆա է ցանկացած կուսակցության համար: Իսկ Թրամփի էլեկտորալ ստաբիլությունը իհարկե աչք է շոյում:

Սխալ 1. Բայդենի առաջադրումը: Սա ամենից մեծ սխալն էր, որ դեմոկրատական կուսակցությունը թույլ տվեց: Բայդենն ակնհայտորեն չէր կարողանալու հաղթել Թրամփին՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը, տարիքը և ֆիզիկապես գերհոգնած լինելը, հետևաբար նրա առաջադրումն ինքնին մարտավարական սխալ էր:

Սխալ 2. Ներքին ճնշումների միջոցով, ընտրություններից ընդամենը ամիսներ առաջ Բայդենին մրցապայքարից դուրս մղելը երկրորդ ամենամեծ սխալն էր, որ դեմոկրատները թույլ տվեցին: Այստեղ իրենք իրենց դրեցին անելանելի վիճակում: Բայդենով հաղթել չէին կարող, ինչպես ցույց տվեցին դեբատները, կայացած այլ թեկնածու էլ պարզապես չունեին:

Սխալ 3. Քամալա Հարիս: Դեմոկրատները բնականաբար չկարողացան կարճ ժամանակահատվածում ճիշտ վերադասավորվել: Բայդենին շարքից հանելուց հետո նրանք չափազանց քիչ ժամանակ ունեին նոր թեկնածու գտնելու և նրան կայացնելու համար: Այս կարճ ժամանակահատվածը բավարար չէր ցածր վարկանիշով փոխնախագահին բարձր վարկանիշով թեկնածու կերտելու գործում:

Սխալ 4. Փոխնախագահի թեկնածու: Թիմ Ուոլցը նույնպես չկարողացավ միավորող ուժ հանդիսանալ և իր շուրջ այնքան էլեկտորատ հավաքել, որ օգտակար լիներ կուսակցությանն ու թեկնածու Հարիսին:
Սա իհարկե հիմնական, բայց ոչ ամբողջական սխալների ցանկն է: Այս ամենի արդյունքում դեմոկրատները կորցրեցին Սպիտակ Տունը, Սենատը, Պալատը, ինչպես նաև ընտրողների ձայների մեծամասնությունը»,- գրել է նա:

  • Կիսվել: