Հարավային Կովկասն ունի խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու ներուժ. Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար
ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին քայլերը և աջակցում է խաղաղության համաձայնագրի հասնելու համար նրանց ձեռնարկած բոլոր կառուցողական գործողություններին: Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը:
Նա, մասնավորապես, ասել է. «Հարավային Կովկասն ունի խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու ներուժ։ Սակայն այս ներուժի իրացումը պահանջում է ժամանակակից ենթակառուցվածքների և իրական ինտերմոդալության զարգացում, որը կապահովի ապրանքների արդյունավետ փոխադրումը տարբեր փուլերում, տարբեր երկրների միջով և տարբեր աշխարհագրական պայմաններում»:
Ըստ Վիննիկովի՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագիրը և դրան հաջորդած զարգացումները, այդ թվում՝ տարածաշրջանային կապի ցանցի ստեղծումը, որը հիմնականում ներառում է Ադրբեջանը, Հայաստանն ու Թուրքիան և ավելի լայն առումով Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ, հստակ ցույց են տալիս այս հնարավորությունները:
«Անկախ այս նախաձեռնություններին տրված անունից՝ կարևոր է, որ դրանք իսկապես ծառայեն տարածաշրջանի երկրների շահերին: Դրանք պետք է ստեղծեն պայմաններ բոլոր տարածաշրջանային դերակատարների տնտեսական և տարանցիկ ներուժի լիարժեք օգտագործման համար և նպաստեն խաղաղության և երկարաժամկետ կայունության կառուցմանը: Այս սկզբունքները կազմում են TRIPP նախաձեռնության հիմքը և ունեն ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի օգտին զգալի տնտեսական հնարավորություններ բացելու ներուժ»,-նշել է պաշտոնյան:


