ՀԱՊԿ-ը պատրաստ է երկխոսության Հայաստանի հետ. գլխավոր քարտուղար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը նախկինի պես Հայաստանը դիտարկում է որպես իրավահավասար գործընկեր եւ պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը «Союзники. ОДКБ» հասարակական-քաղաքական պարբերականի հարցազրույցում։
Նա նշել է, որ Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների շարքին Ռուսաստանում, Ղազախստանում եւ Ղրղզստանում։ Այնուամենայնիվ, ՀԱՊԿ ղեկավարությունը նախկինի պես Հայաստանը դիտարկում է որպես իրավահավասար գործընկեր կազմակերպության ձեւաչափում։
«Պատրաստ ենք երկխոսության երեւանցի գործընկերների հետ հրատապ բոլոր հարցերի շուրջ»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին ասել է, որ «ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլ այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար»։
Նա նշել է, որ շատ է քննարկվում այն հարցը՝ արդյոք Հայաստանը փորձելու է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին: