Համընդհանուր եկամուտների հայտարարագրման հարցի շուրջ լարվածությունն առաջացել է մեր մեղքով. Փաշինյան
Համընդհանուր եկամտահարկի հայտարարագրերի շուրջ բարձրացած աղմուկը մեր մեղքով է առաջացել։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2024 թվականին մենք զբաղվում էինք անվտանգության խնդիրներով և ժամանակ չունեինք մարդկանց ներկայացնելու այն, ինչ կատարվում էր», - ավելացրեց նա։
Նա հավելեց. «Ես հանձնարարել եմ, իմ հայտարարագիրը լրացրել են, տպել են, բերել են, նայել եմ, մի հատ թերթել եմ, սկի նորմալ չեմ էլ նայել՝ մեջն ինչ է գրված, ստորագրել եմ, գնացել է: Հետո պարզվել է, որ ուղղելու անհրաժեշտություն կա, օրինական ընթացակարգերով ուղղել ենք: Ես հիմա հասկացել եմ, որ դա սխալ է, մենք բոլորս երկու ժամ պետք է տրամադրենք, առավոտյան երկու շուտ զարթնենք, որովհետեւ դա մեր գործն է: Սա թվային գրագիտության հարց է»:
Վարչապետը վստահեցրեց, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը հիմնարար նշանակություն ունի տնտեսական և սոցիալական հեղափոխության առումով։
Փաշինյանը կարծում է, որ քաղաքացիների ընտրությամբ և որոշմամբ առողջապահության և կրթության ոլորտներին տարեկան կտրամադրվի լրացուցիչ 70 մլրդ դրամ։
«Այս հեղափոխության պիկը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերից 2026 թվականի մայիս-հուլիս ամիսներին։ Շատ կարևոր է, որ մենք դա ակտիվորեն բացատրենք»,-ասաց նա: