շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հակված ենք գնալ «Հայաստան» դաշինքի նույն ֆորմատով. ցուցակը գլխավորելու հավանական թեկնածուն ես եմ. Քոչարյան

Հակված ենք գնալ «Հայաստան» դաշինքի նույն ֆորմատով. ցուցակը գլխավորելու հավանական թեկնածուն ես եմ. Քոչարյան

Այո, ես համարում եմ, որ բարենպաստ պայմաններ են նախընտրական խոշոր բլոկներ ձևավորելու համար։ Այս մասին, այսօր՝ հունվարի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնելով, որ նախորդ ընտրություններին մասնակցել է մոտ 25 քաղաքական ուժ, նա ասաց. «Հիմա հնարավորություն կա, որ մասնակցեն 8-10–ը, ոչ ավել։ Ես տեսնում եմ հնարավորություն, որ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3, առավելագույնը 4 խոշոր բլոկներով։

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, մենք վերջնական որոշում դեռ չունենք, բայց հակված ենք գնալ նույն ֆորմատով։ Անցած անգամ հայտարարել ենք, որ փետրվարին ենք որոշումը կայացնելու, դեռ ժամանակ ունենք։

Նախկինում իմ ասածը ավելի շատ վերաբերել է այն կուսակցություններին, որոնք կարող են շեմը հաղթահարելու խնդիր ունենալ, և նախորդ ընտրությունների ժամանակ ձայների փոշիացման պատկերը չունենալու համար բարենպաստ պայմաններ են խոշոր բլոկներ ձևավորելու համար։ Ես կցանկանայի, որ  3-4 այդպիսի բլոկ ունենանք։ Ունեմ ինֆորմացիա, որ բանակցում են, բայց իմ տպավորությունը այնպիսին է, որ պատկերը ավելի բարենպաստ է լինելու ընդդիմության համար այս ընտրություններում։ Ոչ թե 25 միավոր, որից 20–21–ը՝ ընդդիմադիր դաշտից»,–ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ով է առաջնորդելու իրենց դաշինքը, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ  հարցում են անցկացնելու փետրվարի սկզբին և դրանց ելնելով որոշելու են, թե ով է առաջնորդը լինելու. «Եթե սոցիոլոգիան ցույց տա, որ ամենից շատ ձայներ բերողը ես եմ, ուրեմն ես եմ մնալու։ Եթե հայտնվել է մեր դաշինքում մեկը, ով կարող է ավելի մեծ ձայներ ապահովելու, ուրեմն նա է լինելու։ Ես շատ ուրախ կլինեմ, որ դա ես չլինեմ, շատ մեծ բեռից կազատվեի։ Այս վիճակում պայքարից փախչելը կհամարեի դասալքություն։

Այսօր լրատվամիջոցներում հրապարակված  սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ դեռ այո, ես եմ առավել հավանական թեկնածուն, որ կգլխավորի ցուցակը։ Այսօրվա դրությամբ այդպես է, բայց վերջնական որոշում կայացնելու համար պետք է ինքս հասկանամ, թե ինչքանով է սա արդյունավետ լինելու ամբողջ թիմի համար։ Մենք գնում ենք ընտրությունների ավելի լավ դիրքերից, քան դա եղել է 2021–ին»,–ասաց նա՝ հավելելով, որ պրոֆեսիոնալ սոցիոլոգիական ընկերության են պատվիրելու հարցումը»,–ասաց նա։

Քոչարյանը հավելեց, որ իրենց ցուցակում որոշակի թարմացում լինելու է. «Նաև կյանքը ցույց տվեց, որ պետք է դա անել։ Մենք ունենք  ակտիվ  ձևավորված թիմ, բայց անկասկած նաև նոր մարդիկ են հայտնվելու ցուցակում և թիմում»։

  • Կիսվել: