Գյումրիում իշխանական վակուում է առաջացել, մենք դա չպետք է հանդուրժենք․ Վլադիմիր Վարդանյան
Գյումրիում մենք բախվել ենք մի իրավիճակի, երբ, ըստ էության, համայնքի ավագանին նիստեր չի կարողանում հրավիրել կամ չի ցանկանում հրավիրել. բոլոր պաշտոնատար անձինք, որոնք իրավասու են համայնքի ղեկավարի անունից համապատասխան որոշումներ կայացնել, այդ տեղերը թափուր են, ուստի առաջացել է իշխանության վակուում, ինչը շատ վտանգավոր է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
«Այդ իշխանության վակուումը պետք է շատ արագ համալրվի, այդ վակուումը պետք է փակվի, և հենց իրավական վակուումի փակմանն է ուղղված այս նախագիծը: Այն վերաբերում է հետևյալ վիճակին, որ երբ ավագանին ցրված է կամ նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են, և այդ վաղաժամկետ դադարեցման պահին չկա որևիցե անձ, ով լեգիտիմ եղանակով կարող է հանդիսանալ որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ապա այդ պարագայում վարչապետն է նշանակում պաշտոնակատար: Այս նշանակումը ժամանակավոր է եւ վերաբերում է մինչեւ նոր ավագանու ձեւավորման ժամանակահատվածին»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ԱԺ արտահերթ նիստով կքննարկվի այս նախագիծը: