Գրիգոր Բեքմեզյանը ինձնից լավ գիտի՝ որտեղ պետք է դիմի եւ ինչ պետք է հայտնի. Վլադիմիր Վարդանյան
Եթե պարոն Բեքմեզյանի մոտ նման մտահոգություններ կան, նա պետք է դիմի պատկան մարմիններին: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հայտարարեց լիազորությունները դադարեցնելու մասին, նաեւ ասաց, որ ԲԴԽ-ում արտաքին ազդեցություններ կան, անկախ գործելու ճգնաժամ կա:
«Նա ինձնից լավ գիտի՝ որտեղ պետք է դիմի եւ ինչ պետք է հայտնի: Ինչ վերաբերում է նրան, թե պարոն Բեքմեզյանի որոշումն ինչով է պայմանավորված, ես չեմ ուզում մեկնաբանել, չեմ էլ կարող մեկնաբանել: Ես իրեն ճանաչում եմ համալսարանական տարիներից, շատ սկզբունքային անձնավորություն է, բայց ես չէի ուզենա, որ մենք այս իրավիճակը դիտարկենք որեւէ եղանակով կապված ինչ-որ տեսակի ինչ-որ ազդեցությունների հետ: Եթե պարոն Բեքմեզյանը ինչ-որ բան է ուզում ասել, խնդրեմ, եւ իրավապահ համակարգը, եւ պետաիրավական հանձնաժողովը, եւ ԱԺ-ն, եւ Կառավարությունը մշտապես պատրաստ են քննարկել այդ հարցը»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք իր կարծիքով ԲԴԽ-ն անկախ է գործում՝ հաշվի առնելով, որ նախօրեին դատավորի ձերբակալություն եղավ, Վարդանյանը պատասխանեց. «Յոեւրաքանչյուր սուբյեկտ պետք է գործի իր պատասխանատվությամբ: ԲԴԽ-ն բաղկացած է գիտնականներից եւ դատավոր անդամներից: Նրանք նշանակվել են տարբեր ժամանակահատվածներում: Յուրաքանչյուրն ունի իր փորձառությունը եւ պատասխանատւ է օրենքի եւ իր սեփական խղճի առջեւ: Ես իրավունք չունեմ, խորհուրդ էլ չեմ տալիս իմ որեւէ գործընկերոջը միջամտել ԲԴԽ գործունեության մեջ: Եթե առկա են եղել առերեւույթ հիմքեր, ապա ԲԴԽ-ն պետք է գործի»:


