Գործ ունենք ՔՊ-ի վերջին ժամանակների հետ. շնորհակալ ենք ՔՊ-ին նման քայլեր անելու խորհուրդ տվողին. Մանուկ Սուքիասյան
Մենք կոչ ենք անում փետրվարի մեկից կանխատեսվող թանկացումները բոյկոտել: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
«Երբ իրենք ամեն անգամ ավագանու նիստի ժամանակ երեսպաշորեն ասում են, որ քաղաքի բյուջեն էլ է քաղաքացու սեփականությունը, ուրեմն հանրային տրանսպորտն էլ է քաղաքացու սեփականությունը, և քաղաքացին իրավունք ունի բոյկոտել իրենց բերած որոշումը, քաղաքացին իրավունք ունի ինքը որոշել՝ վճարում է թե չի վճարում այդ թանկացած ուղևորավարձի համար»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր «Մայր Հայաստանը» նախաձեռնել էր ավագանու արտահերթ նիստ՝ տրանսպորտի թանկացման հարցով, սակայն այն չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով, քանի որ ՔՊ-ն չէր ներկայացել:
«Քվորում ապահովելու համար պետք էր ավագանու 33 անդամ, այդ պահին դահլիճում կար 26 անդամ: «Ազգային առաջընթաց» խմբակցությունը որոշակի բացակա անդամներ ուներ: «Հանրապետությունը» և ՔՊ-ն բոյկոտել էին:
«Տրանսպորտային այս չարեփոխումները, որոնք փաթաթում են քաղաքացու վզին, լինելու են այս իշխանությունների վերջնական հիմքի ճաքը, որը բերելու է իրենց իսպառ հեռացման»,-ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ գործողություններ եք նախատեսում, Մանուկ Սուքիասյանը պատասխանեց. «Մինչև փետրվարի 1-ը ներառյալ, մեր գործողությունների ծրագիրը լինելու է շատ հստակ, լինելու ենք քաղաքացիների կողքին: Դրանք լինելու են շատ ինտերակտիվ, կրելու են ամենօրյա բնույթ:
Սա թանկացումների մերժողականությունը այս ընդհանուր փաթեթի մեջ է նայվում։ Այսինքն, գույքահարկ, տեղական տուրքեր, նաև սուրճի ապարատների բիզնեսով զբաղվողների պայմանների վատթարացում. Սրան էլ գումարվում է տրանսպորտի թանկացումը և տպավորություն է, որ ինչ-որ մեկը որոշել է, որ պետք է անպայման ՔՊ-ն գնա վերջնական հեղինակազրկման, վերջնական գահավիժման ու այդ առումով մենք ողջունում ենք այդ խորհրդատուին, շարունակեք նման կերպ մարդկանց գրպանին հարվածել, շարունակեք մարդկանց մոտ ուղղակի նողկանք առաջացնող այս փոփոխությունները, գումարած նաև այդ հայտարարագրերի հիմար համակարգը, որ փորձում է մտցնել:
Շարունակեք այս ձևով և անկախ նրանից այդ մարդիկ քաղաքական ինչ նախասիրություն ունեն, առաջիկա ընտրությունների ժամանակ բոլոր հիշյալ խմբերից տուժած քաղաքացիները իրենց վճռական հարվածն են հասցրելու քվեի տեսքով այս իշխանության հիմքերին։ Հետևաբար, մենք գործ ունենք ՔՊ-ի վերջին ժամանակների հետ»,- հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը: