կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
«Գնդակը Հայաստանի դաշտում է». Ալիևի ներկայացուցիչ

«Գնդակը Հայաստանի դաշտում է». Ալիևի ներկայացուցիչ

Խաղաղության համաձայնագրի կնքման համար Ադրբեջանը պետք է վստահ լինի, որ Ղարաբաղի նկատմամբ պահանջներից հրաժարվելը ոչ միայն Հայաստանի իշխանությունների մոտեցումն է, այլև արտացոլում է հայ հասարակության դիրքորոշումը: Այս մասին բրազիլական «Folha de S.Paulo»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նա նշել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը նշանակալի փուլ է, սակայն «դա միայն համապարփակ կարգավորման ճանապարհին նախնական քայլն է»։

Ամիրբեկովը, մասնավորապես, ասել է. «Ես համաձայն եմ, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը շատ կարևոր հանգրվան է։ Բայց, ըստ էության, խաղաղության գործընթացը շատ ավելի լայն է։ Ես կասեի, որ սա երկու գլուխ ունեցող գրքի նման է, և որպեսզի ասես, որ կարդացել ես ամբողջ գիրքը, պետք է կարդաս երկու գլուխներն էլ։ Առաջին գլուխը փակված է, քանի որ մենք ավելի քան երկու տարի ենք ծախսել՝ համաձայնեցնելու Ադրբեջանի կողմից մշակված և Հայաստանին առաջարկված խաղաղության համաձայնագրի տեքստը։ Եվ մենք արել ենք հնարավոր ամեն ինչ՝ այս արդյունքին հասնելու համար բավարար քաղաքական կամք և ճկունություն ցուցաբերելու համար։ Բայց սխալ կլինի մտածել, որ ամեն ինչ արդեն արված է և կարող է պարզապես ստորագրվել։ Այս գրքի երկրորդ գլուխը նվիրված է մնացած երկու լուրջ խոչընդոտների լուծմանը»։

Ամիրբեկովը մատնանշել է Ադրբեջանի պահանջները՝ «Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջների առկայությունը», ինչպես նաև ԵԱՀԿ մի շարք «ավելորդ ինստիտուտների պահպանումը»։

«Ես կասեի, որ անարդար է և ոչ այնքան ազնիվ այս պայմանները նոր կամ արհեստական ​​անվանելը, քանի որ մենք դրան փորձում ենք հասնել ավելի քան երկու տարի։ Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրությունից բացառել այն կետերը, որոնք հակասում են խաղաղության համաձայնագրի տառին և ոգուն։

Մենք չենք ցանկանում որևէ մեկին նույնիսկ ենթադրական հնարավորություն տալ ապագայում վերադառնալու այս հակամարտությանը։ Եվ եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է կնքել խաղաղության համաձայնագիր, ապա պետք է անի ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է իր Սահմանադրության այդ մասը փոխելու համար»,- ասել է նա։

Ալիևի ներկայացուցիչը նաև հավելել է, որ «այժմ գնդակը Հայաստանի դաշտում է»:

  • Կիսվել: