չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Գևորգ Պապոյանը կարևորել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի դերակատարումը զարգացող երկրների տնտեսական աճի խթանման գործում

Գևորգ Պապոյանը կարևորել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի դերակատարումը զարգացող երկրների տնտեսական աճի խթանման գործում

Նոյեմբերի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Քեննեթ Էնջելի հետ` քննարկելու երկկողմ համագործակցության ընդլայնման և Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը կարևորել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի դերակատարումը զարգացող երկրների տնտեսական աճի խթանման գործում՝ նշելով.

«Այս համագործակցությունը ոչ միայն ֆինանսավորման համատեքստում է, այլ նաև հնարավորություններ բացելու նրանց համար, ովքեր ունեն գաղափարներ և վճռականություն, բայց չունեն միջոցներ։ Ձեր աջակցությամբ մենք կարող ենք քայլ առաջ կատարել զարգացող և ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ»։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՓՄՁ ծրագրերի աջակցության և կապիտալի շուկայի զարգացման, փախստականների համար բնակարանաշինության, պարենային անվտանգության և գյուղատնտեսության, մասնավորապես՝ օրգանական գյուղատնտեսության խթանման և վերականգնվող էներգիայի ինտեգրման, զբոսաշրջության ոլորտի զարգացման առանցքային հարցերի։

  • Կիսվել: