շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ֆրանսիան շարունակելու է աջակցել հայ ժողովրդին, հատկապես՝ Սյունիքի մարզին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Ֆրանսիան շարունակելու է աջակցել հայ ժողովրդին, հատկապես՝ Սյունիքի մարզին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մարտի 24-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և պատվիրակության անդամներին։

Ողջունելով դեսպանի այցը Մեղրի՝ համայնքի ղեկավարը կարևորել է հայ–ֆրանսիական բարեկամական հարաբերությունները և շնորհակալություն հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ մշտապես Հայաստանի կողքին լինելու, Սյունիքի մարզի նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական, մշակութային և համայնքային զարգացման ծրագրեր, երկկողմ համագործակցության նոր հնարավորություններ։ Համայնքի ղեկավարի ուղեկցությամբ դեսպանը շրջայց է կատարել Մեղրի համայնքի Կայարան, Արաքսաշեն թաղամասերում, այցելել է Անապաստանաց (Սուրբ Հովհաննես) վանք՝ ծանոթանալով տեղանքի պատմամշակութային ժառանգությանը։

Այցի ընթացքում կողմերը քննարկել են նաև կրթական ու մշակութային համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես ֆրանսիական կազմակերպությունների աջակցությամբ ուսանողների և երիտասարդ մասնագետների համար փոխանակման ծրագրերի ստեղծման գաղափարը։

Համայնքի ղեկավարը, որպես շնորհակալություն և բարեկամության խորհրդանիշ, դեսպանին հանձնել է Մեղրին խորհրդանշող ավանդական նվերներ։ Դեսպան Դըկոտինյին իր հերթին բարձր է գնահատել Մեղրիի հյուրընկալությունը և ընդգծել, որ Ֆրանսիան շարունակելու է աջակցել հայ ժողովրդին, հատկապես՝ Սյունիքի մարզին, տնտեսական զարգացման և հումանիտար ծրագրերի իրականացման շրջանակում։

Դեսպանի այցն արտացոլում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև հաստատված ամուր բարեկամական կապերը, որոնք շարունակաբար ամրապնդվում են փոխշահավետ համագործակցության նոր ծրագրերով։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: