չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը կոչով դիմել է Նիկոլ Փաշինյանին

Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը կոչով դիմել է Նիկոլ Փաշինյանին

Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը (CCBE) պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին Մալխասյանց փաստաբանական գրասենյակում կատարված խուզարկության և առգրավման դեպքի կապակցությամբ՝ իր մտահոգությունը հայտնելով Հայաստանում փաստաբանների մասնագիտական իրավունքների խախտումների մասին հաղորդումների առնչությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ փաստաբանների պալատից։

Մասնավորապես, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ապահովել փաստաբանի գաղտնիքը խախտող բոլոր գործողությունների անհապաղ դադարեցումը,  բոլոր առգրավված նյութերի անհապաղ վերադարձը, փաստաբանների անվտանգ և անկախ մասնագիտական գործունեության իրականացումը՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները:

CCBE-ն նաև հիշեցնում է, որ բոլոր փաստաբանները պետք է կարողանան կատարել իրենց մասնագիտական պարտականությունները՝ առանց վախենալու հաշվեհարդարից, խոչընդոտներից, սպառնալիքներից կամ հետապնդումներից՝ արդարադատության իրականացման անկախությունն ու ամբողջականությունը և օրենքի գերակայությունը պահպանելու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատը սույն թվականի հունիսի 12-ին դիմել էր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին, վերջիններիս ուշադրությունը հրավիրելով օրեր առաջ Մալխասյանց իրավաբանական գրասենյակում կատարված խուզարկության դեպքին:

 

  • Կիսվել: