ուրբաթ, օգոստոս 21
21 / 8 / 2026
Եթե խմբակցությունը որոշում է ընդունել, դու պարտավոր ես դրանք կատարել. Բադալյանը՝ Ծառուկյանի դեմ քվեարկելու մասին

Եթե խմբակցությունը որոշում է ընդունել, դու պարտավոր ես դրանք կատարել. Բադալյանը՝ Ծառուկյանի դեմ քվեարկելու մասին

Ինձ շատ ցավեցրել է, երբ տեսել եմ, որ 2020 թվականից հետո «Կենտրոն» հեռուստաընկերությունը ինձ հետ կապված ամբողջ այդ տեսագրությունը հնարավորինս ամեն տեղից ջնջել է։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 21–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

Դիտարկմանը, որ գուցե պատճառն այն է եղել, որ ինքը կողմ է քվեարկել գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն, Բադալյանն ասաց. «Չեմ կարծում։ Տեսեք, խմբակցության որոշումները անկախ քո կամքից և քո մոտեցումներից ենթակա են կատարման առանց շեղման։ Այսինքն մենք ցանկացած հարցի վերաբերյալ շատ բուռն քննարկումներ ենք ունենում, նույնիսկ ընդդիմության առաջադրած թեկնածուների վերաբերյալ, նույնիսկ կարող է դրանք լինել բարձր տոներով, բայց անկախ նրանից՝ դու ինչ վերաբերմունք ունես հարցին, եթե խմբակցությունը քվեարկությամբ, մեծամասնությամբ որոշում է ընդունել, դու պարտավոր ես դրանք կատարել։

Քաղաքականությունը այլ ոլորտների հետ խառնելու կարիք չկա, ես էլ քիչ դերակատարում չեմ ունեցել Կենտրոն հեռուստաընկերության կյանքում, նրանք էլ քիչ դերակատարում չեն ունեցել իմ կյանքում»,–ասաց նա։ Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե Գագիկ Ծառուկյանը վաղուց պետք է նստած լիներ, Լուսինե Բադալյանն ասաց. «Մենք ունենք շատ նուրբ իրավիճակ։ Եթե մենք վերցրել ենք մեզ վրա առաքելություն, որ Հայաստանում պիտի լինի օրենքի գերակայություն, և այդ ճանապարհը շատ ցավոտ է լինելու մեզ համար, բոլորի համար, բայց այլ տարբերակ չկա և օրենքի գերակայություն պիտի անպայման լինի, որպեսզի մեր երեխաները մեծանան այնպիսի երկրում, որտեղ և իրենք պաշտպանված լինեն օրենքով, և նաև բոլորը հարգեն օրենքը»։

Խոսելով Գագիկ Ծառուկյանին գետնին տապալելելով ձերբակալելու կադրերին, ՔՊ–ական պատգամավորն ասաց, որ ծանր է տանում այդպիսի կադրերը. «Ես կուզենայի, այնուամենայնիվ, մենք ապրեինք այնպիսի մի երկրում, որտեղ բոլորս իրար շատ հարգեինք և շատ սիրեինք, որովհետև բոլորը մեր հայրենակիցներն են։ Ես շատ անսահման տխրում եմ, նույնիսկ երբ տխուր մարդ եմ տեսնում, միևնույն ժամանակ փորձում եմ իրավապահ համակարգի գործերին չխառնվել, և եթե կարիք կա իրավապահ համակարգի նկատմամբ քննադատությամբ հանդես գալու, դա անում եմ ուղիղ, ոչ թե հանրային»։

  • Կիսվել: