Եթե իշխանության ներկայացուցիչը համարում է՝ նորմալ է, երբ հայհոյում են մարդկանց, շատ լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս. Մարուքյան
«Եթե իշխանության ներկայացուցիչը համարում է՝ նորմալ է, երբ հայհոյում են մարդկանց, կապ չունի, թե ում, դա շատ լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս»,- այս մասին այսօր ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով ճեպազրույցում «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հայտարարությանը, թե ընդդիմադիրները պետք է դուրս գան Ֆեյսբուքից ու տեսնեն, որ իրենց հայհոյում կամ չեն սիրում ոչ միայն ֆեյքերը, այլ նաև իրական քաղաքացիները:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ իրենք ամեն օր փողոցներում են, շփվում ենք մարդկանց հետ. «Ավելի շատ մարդիկ կարող են հարցեր տալ մեր դիրքորոշման մասին, սակայն նման բան չի եղել, որ մեզ կանգնեցնեն ու հայհոյեն»:
Պատգամավորը նշեց, որ եթե իրենք լինեն իշխանություն ու քաղաքացիները հայհոյեն որևէ մեկին, իրենք կմտահոգվեն դրա համար ու գործողություններ կիրականացնեն. «Եթե հանգիստ ռեժիմով, հպարտությամբ է ասվում՝ դուրս եկեք փողոց, բոլորը հայհոյում են, դա սխալ է»:
Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ այն բացատրությունները, որոնք տալիս են իշխանության ներկայացուցիչները, ընդամենը փորձում են արդարացնել այն մթնոլորտը, որը հաճախ ստեղծվում է նաև հենց իրենց մասնակցությամբ. «Ես այն քիչ քաղաքական գործիչներից եմ, ովքեր Ֆեյսբուքից դուրս շփվում են մարդկանց հետ: Իրականում մարդիկ շատ խնդիրներ ունեն: Նրանք հաճախ սոցկայքում լռում են, որպեսզի իրենց վրա լուտանք չթափվի սեփական տեսակետի համար: Նման բաներ հայտարարելուց առաջ իշխանության ներկայացուցիչները պետք է մտածեն երկրում տիրող մթնոլորտի մասին և այն մասին, թե ինչպես է մեզ մոտ այլակարծությունը, տարբերվող կարծիքը քարկոծվում, ոչնչացվում անընդունելի ձևաչափերով: Մենք գիտենք, թե մեզ ինչ են ասում, մենք ուղիղ շփվում ենք մարդկանց հետ: Այդքան դժգոհությունը, որ մենք ենք լսում, երևի միայն մենք գիտենք»։
Ինչ վերաբերում է ընդդիմությանը սիրելուն, Էդմոն Մարուքյանն ասաց, որ իշխանությանն ու ընդդիմությանը պետք չէ սիրել, այլ պետք է վստահել կամ չվստահել, աջակցել կամ չաջակցել. «Մարդիկ պետք է սիրեն իրենց ծնողներին, երեխաներին, իրենց կանանց, ընտանիքի անդամներին, իսկ քաղաքական գործիչներին մի օր կարող են սիրել, մյուս օրը՝ ոչ, մեր տրամաբանության մերջ մարդիկ մի օրում ինչ-որ մարդկանց դարձնում են հերոս, հաջորդ օրը՝ ազգի դավաճան»։


