Եթե ՀԷՑ-ում կա խնդիր, ընդ որում՝ անլուծելի, պետությունը կլուծի այդ խնդիրը. Ռուբեն Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում անդրադարձավ ՀՀ վարչապետի՝ ՀԷՑ-ի ազգայնացման մասին հայտարարությանը և դրանից հետո ԱԺ ամբիոնից ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին, որում նա խոսել էր ազգային արժեքների շուրջ միավորման մասին:
Ռուբինյանի խոսքով՝ խնդիրը հետևյալն է՝ իշխող ուժի համար ազգային արժեքները մեր պետականությունն են, լեզուն, ազգային առանձնահատկություններն ու շահերը, իսկ Մինասյանի քաղաքական հոսանքի համար՝ թիմակիցների գողոնը, նրանց զավթած կառույցները,
«Ո՞րն է հիմա ազգային արժեք՝ հարցնում եմ: Հայ Առաքելական Եկեղեցին անառարկելիորեն ազգային արժեք է: Մեզ համար նորմա՞լ է, որ մեր ազգային արժեքի գլուխը, ըստ այդ ազգային արժեքի Կանոնագրքի, պետք է լինի կուսակրոն, բայց կուսակրոն չէ: Սա նորմա՞լ է: Կեղծիքը հայկական ազգային արժե՞ք է»,- ասաց Ռուբինյանը:
Նրա խոսքով՝ նույն տրամաբանությամբ՝ եթե ՀԷՑ-ում կա խնդիր, ընդ որում՝ անլուծելի, ուրեմն պետությունը կլուծի այդ խնդիրը:
Ռուբինյանը հարց ուղղեց՝ ակնկալելով հստակ պատասխան ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների կողմից և հետաքրքրվելով՝ արդյոք կարելի՞ է եզրակացնել, որ Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարությունը կիսում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կարծիքն առ այն, որ Հայաստանին պետք է ռազմական հեղաշրջում:
«Սա նորմա՞լ է, թե՞ նորմալ չէ»,- դիմելով Արծվիկ Մինասյանին՝ ասաց Ռուբինյանը:
Նրա խոսքով՝ ուղիղ կապ կա կեղծիքի ու ռազմական հեղաշրջում ցանկանալու միջև:
«Որովհետև եթե քո արժեհամակարգը հիմնված է կեղծիքի վրա, երբ դու ակնկալում ես, որ քեզ պետք է ասես Վեհափառ, բայց դու կուսակրոնության ուխտը խախտում ես, կամ երբ ակնկալում ես, որ մարդիկ պետք է գան քեզ ասեն՝ Աստված օգնական, սրբազան հայր՝ իմանալով, որ քեզ Աստծո օգնությունը պետք չէ, որովհետև այն բանը, ինչի համար քեզ պետք է Աստծո օգնություն լիներ՝ կուսակրոն լինելը չես պահել, դու սկսում ես հակվել տարատեսակ բաների, օրինակ՝ ռազմական հեղաշրջում ցանկանալ: Եկեղեցին մեզ համար սրբություն է, այն պետք է ղեկավարի մարդ, որը իր տված ուխտը պահել է»,- նշեց Ռուբինյանը: