երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Եթե Եղիշեն խոսի, չեմ բացառում, որ այլ մարդիկ կհայտնվեն մեղադրյալի աթոռին. Նորիկյան

Եթե Եղիշեն խոսի, չեմ բացառում, որ այլ մարդիկ կհայտնվեն մեղադրյալի աթոռին. Նորիկյան

Եթե իշխանությունները, իրավապահ մարմինները կատարեին իրենց աշխատանքը, իրականացնեին համապատասխան օպերատիվ հետախուզական աշխատանք, իրականացվեր անաչառ քննություն, այդ քննության արդյունքներով ձեռք բերած արդյունքները կարող էին շոշափելի ու ճակատագրական լինել։ Այս մասին, այսօր՝ հունվարի 19–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով տուժողների շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։

Այո, ես գտնում եմ, որ եթե Եղիշեն խոսի, եթե ներկայացնի այն տեղեկատվությունը, որին ինքը տիրապետում է, կամ կարող էր տիրապետել, չեմ բացառում, որ այլ մեղադրյալներ էլ կարող են ներգրավվել այս գործընթացում և գործի շրջանակն էլ կարող է ընդլայնվել։ Ընդ որում հատուկ ընդգծում եմ, որ երբ մենք խոսում ենք այլ անձանց մեղավորության կամ այլ անձանց շրջանակի ներգրավման հնարավորության մասին, մենք չենք բացառում այս գործով արդեն մեղադրյալների մեղավորությունը։

Մեղադրանք է առաջադրված, դատարանը կպարզի նրանց մեղավորությունը, մենք էլ մեր կողմից հնարավոր ամեն բան արել ենք և ամեն բան անում ենք ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ։ Եթե այդ մարդիկ կատարել են իրենց մեղսագրվող արարքը, պետք է օրենքի ողջ խստությամբ ենթարկվեն պատասխանատվության»,–ասաց նա։

Հարցին՝ իր կարծիքով ինչո՞ւ չի խոսում Եղիշեն, Նորայր Նորիկյանը պատասխանեց. «Ես չեմ կարող իր փոխարեն պատասխանել։ Այս վերջին մեկ տարվա ընթացքում ինձ տարբեր խողովակներով հասկացնում են, փորձում են հաղորդել, փոխանցել, որ Եղիշեին վախեցնում են, Եղիշեն բան է ուզում ասել, չի կարող, Եղիշեի ընտանիքի հետ կապված խնդիրներ կան։ Ես էլ հիմա ասում եմ՝ եղբայր, եթե բան կա ասելու, եթե ինչ-որ ճշմարտություն կա, ինչ-որ բան կա  թաքցված, որ դուք ուզում եք լույս սփռել, ոչ մի բան ձեր կյանքից թանկ չի, ասեք կամ միջնորդավորված ներկայացրեք։

Ես երաշխավորում եմ, թող ներկայացնի, ում վերաբերյալ ուզում է լինի, ով ուզում է լինի, քրեական հեղինակություն կլինի, պատգամավոր կլինի, իշխանավոր կլինի, գեներալ կլինի, զինվոր կլինի, գողական կլինի, ով ուզում է լինի, այս գործընթացում, եթե իրական ներգրավվածություն է ունեցել և կամ իրական ինչ-որ մասնակցություն է ունեցել, կամ առնչություն ունի, կամ Եղիշեին ինչ-որ մեկը վախեցնում է, կաշկանդում է, պահանջում է լռել, ստիպում է չխոսել, ես  իմ կյանքով պատասխանատու կերպով հայտարարում եմ, ես իմ վրա եմ վերցնում այդ ամբողջ պատասխանատվությունը, թող այդ ինֆորմացիան փոխանցեն ինձ, մնացածը ես գիտեմ ինչ կանեմ։ Թող միջնորդավորված փոխանցեն, թող բերեն մեր դռան շորի տակ դնեն, ես կվերցնեմ այդ ինֆորմացիան»։

Նշենք, որ 2023–ի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2025 թվականի օգոստոսի 21-ին կայացրել է մեղադրական դատավճիռ. մեղադրյալ կրտսեր սերժանտ Ռ.Մ.-ն դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման:

Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռ․Մ․-ն, ով 2023 թվականի հունվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված է եղել  վաշտի վերակարգում և որպես վաշտի հերթապահ ծառայություն է իրականացրել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի տեղակայման վայրում, մեղավոր է  ճանաչվել Քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ կետով (ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ:

  • Կիսվել: