Ես թաղապետի հարցով չեմ զբաղվում. Փաշինյան
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Նոր Նորքի թաղապետարանում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին:
Պատգամավորն ասաց. «Ապրիլի 30-ին Նոր Նորքի համայնքապետը ուղիղ եթերում լրատվամիջոցների առկայությամբ, տասնյակից ավել մարդով հարձակվելով, ծեծի է ենթարկել բլոգեր Արթուր Չախոյանին: Սա տեղի ունեցել, երբ բլոգերը և ընդդիմադիր ավագանու անդամը բացահայտել են ըստ էության կոռուպցիոն սխեմա, որով «Լիլան Արմ» ՍՊԸ-ն, որի տնօրեն Նարեկ Պողոսյանը ՔՊ ցանկով ավագանու անդամ է, ստանում է քաղաքապետարանից մեկ անձի գնումներով միլիոնավոր դրամների բազմաթիվ պայմանագրեր ու այդ պայմանագրերից մեկով 300 միլիոն դրամի նախագծային արժեքով մանկապարտեզ պիտի կառուցեր Նոր Նորքում, որը պիտի շահագործման հանձնված լիներ 2024-ի սեպտեմբերին:
Բայց մարդիկ գնացել են, բացահայտել են 2025-ի ապրիլին, որ այդ մանկապարտեզը շատ հեռու է շահագործման հանձնելու վիճակի լինելուց: Սրան հաջորդել է հայհոյանքը թաղապետի, հաջորդել է ակցիան և ծեծը, որը բոլորս տեսել ենք:
Հիմա ես ուզում եմ իմանալ, քանի որ ձեր կոալիցիոն գործընկերը արդեն իսկ այդ դրվագը անվանել է ինքնիշխանության համար մարտեր, ես հիմա ուզում եմ այս երկու դրվագով կոռուպցիայի դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանի և բռնությանը դեմ եղող Նիկոլ Փաշինյանի կարծիքը իմանալ։ Ձեր համար կարծես թե նորմալ է, որ այս վիճակն է, ձեր թիմին պատկանող մարդուն է հանձնվում մեկ անձից գնումներով միլիոնավոր դրամների պայմանագրեր, և երկրորդը, դուք էլ եք կարծո՞ւմ, որ ընդունելի է ծեծը, այսինքն ծեծել են Հայաստանի ինքնիշխանության համար բլոգերին, ով բացահայտել է կոռուպցիոն սխեման»:
Պատասխանելով նրա հարցին՝ վարչապետը, մասնավորապես, նշեց. «Ես կարծում եմ, որ մենք որևէ ամբիոնից որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու իրավունք չունենք. քանի որ դուք նշեցիք դրվագ՝ վկայակոչելով կոռուպցիոն սխեմա, որը ես այդքան էլ չգիտեմ, բայց կարող եմ ասել, որ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված որևէ մարդ չի կարող լինել մեր թիմից: Եթե նույնիսկ այսօր մեր թիմից է և հանկարծ պարզվի, որ ինքը կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված չէ, ինքը ինչպես եղել, այնպես էլ կշարունակի մնալ մեր թիմից: Իսկ եթե պարզվի, որ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված է, ինքը չի կարող լինել մեր թիմից:
Երկրորդը, որևէ բռնություն չի կարող ընդունելի լինի, լինել ինձ համար և մեզ համար: Մենք կարծես շատ հստակ ենք այս հարցում և նման հարցերում»:
Քրիստինե Վարդանյանն արձագանքեց. «Կոռուպցիան հո չտեսնված, չլսված, պոզով-պոչով կենդանի՞ չէ: Էն աղմկառույց դեպքը, որը քննարկեց ամբողջ Հայաստանը, տեղի էր ունեցել այն բացահայտման հիման վրա, որը ես ձեզ ասեցի: Ես պատկերացնում եմ, եթե ընդդիմադիր հայացքներ ունեցող որևէ մեկի մասին, որևէ լուր հայտնվեր մամուլում, ձեր քննչականը, դատախազությունը ի՞նչ արագությամբ կզբաղվեր դրանով։ Որքա՞ն ժամանակ է այս, որևէ գործ հարուցվե՞լ է, այսինքն կոռուպցիան ու մսխումը ո՞նց է լինում։ Ձեր համար ընդհանրապես այդպես տարօրինակ չի՞, որ ձեր ֆրակցիայի անդամը մեկ անձից գնումներով հարյուրավոր միլիոն դրամների պայմանագրեր է կնքում քաղաքապետարանի հետ, որտեղ փաստացի աշխատում է և որի շինարարություն պայմանները չի բավարարում, որը բացահայտել են մարդիկ։
Երկրորդը, այդ որ ձեր համար բռնությունը ընդունելի չի, մենք դա ո՞նց պիտի տեսնենք: Աշխատում է մինչև հիմա էդ մարդը: Ավելին, ում որ բռնության են ենթարկել բոլորիս աչքի առաջ, իր վրա ավելի ծանր հոդված է դրվել քրեական ու ձերբակալվել, տարվել է ոստիկանություն, ու այն մարդը, ով որ բռնություն է կիրառել, մինչև հիմա պաշտոնավարում է, որևէ գործողություն չի ձեռնարկվել:
Ձեր վարքով, մենք հիմա հասկանում ենք, որ ոչ թե բռնությունը ընդունելի չի, այլ որ խրախուսելի է»:
Նիկոլ Փաշինյանը կրկնեց, որ ցանկացած մեկը, ով պետական բյուջեից փող է տանում իր անձնական թշնամին է, ով ուզում է լինի:
«Հերիք է ինձ, քննիչի, դատախազի, օպերի, լիազորի տեղ դնեք: Մի կողմից առավոտից իրիկուն ասում եք՝ սուպերվարչապետական համակարգ է, հեռախոսը վերցրեց էս արեց, էն արեց: Ես ասում եմ՝ ձեր ասած դեպքի մասին լսում եմ առաջին անգամ, որովհետև պատկերացրեք ես ավելի կարևոր գործեր ունեմ: Երկրում ստեղծված են ինստիտուցիոնալ համակարգեր, մենք օրենսդրական փոփոխություններ ենք արել, և այդ թվում քննչական կոմիտեն և հակակոռուպցիոն կոմիտեն գալիս է Ազգային ժողովում հաշվետվություն է տալիս: Եթե որևէ մեկը կասի, որ վարչապետը ինձ ասել է, որ կոռուպցիայի դեմ չպայքարես, և ընդհակառակը, որևէ մեկը կասի, որ ես չեմ ասել բոլորին, որ ով որ կոռուպցիայով է զբաղվում, իմ անձնական թշնամին է... դուք հիմա եկել եք, ինձ ասում եք՝ բա գիտես, Մասիվի սադում էն օրը անցնում էինք, չորս հոգի նստած էին, մեկը պպզած, բա այսպես ո՞նց կլինի, այ քեզ բան: Դա ձեր զբաղվելու գործն է, պատգամավոր եք, զբաղվեք, ինստիտուտներ կան երկրում: Դուք ուզում եք երկիրը ինստիտուցիոնալ, ի վերջո, լինի՞, թե՞ չլինի:
Երկրորդը, ես ասում եմ՝ դատապարտում եմ բռնությունը, դատապարտում եմ այդ կոնկրետ դեպքը և Երևանի ավագան, Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերները այդ խնդիրը նաև կոմունիկացրել են մեր կոալիցիոն գործընկերներին: Ինձ համար տարբերություն չկա, ես սկզբունք եմ ասում:
Ի՞նչ եք ուզում, ես թաղապետի հարցով չեմ զբաղվում, բայց թաղապետի հարցով պետք է զբաղվեն այն ինստիտուտները, որոնք զբաղվում են թաղապետի հարցով, այդ թվում քննչական կոմիտենները, իրավապահ մարմինները: Իսկ երբ հարցը կդառնա քաղաքական հարց, դա արդեն ունի նաև քաղաքական որոշակի գործիքներ, որոնք նաև կկիրառվեն։
Հիմա դուք այսպես բորբոքված, վրդովված, ի՞նչ եք ասում: Դուք այդքան չգիտեք, մենք ենք առավոտից իրիկուն ասֆալտի հարցերով զբաղվում: Էդ ո՞վ է այդ անորակ ասֆալտի հարցերը բարձրացնում, ո՞վ է դրա համար ստեղծել ինստիտուտներ, դուք եք ստեղծե՞լ: Բա կոռուպցիայի դեմ պայքարի համակարգը ո՞վ է ստեղծել՝ սկսած բանից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, հակակոռուպցիոն դատարանից, շարունակած հակակոռուպցիոն կոմիտեով և այլն: Գնացեք պայքարեք, ո՞վ է ձեր ձեռքը բռնել»: