երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ես նման հարց չպետք է տայի մեկին, ով ականջ կտրելու, լեզու կտրելու սպառնալիքներ է հնչեցրել. Խամոյանը՝ Հովհաննիսյանին

Ես նման հարց չպետք է տայի մեկին, ով ականջ կտրելու, լեզու կտրելու սպառնալիքներ է հնչեցրել. Խամոյանը՝ Հովհաննիսյանին

Բոլորս այստեղ ճանաչում ենք Ալեքսանդր Սիրունյանին, դուք էլ եք ճանաչում ու հատուկ որակներ չի հաղորդում այդ ձեր առոգանությունը, որով դուք ընթերցեցիք: Ինչպիսի՞ չափանիշներով է առաջնորդվել ՔՊ կուսակցությունը, սույն անձնավորությանը, բերելով այստեղ և ներկայացնելով մեր դատին։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանին:

«Գուցե իր քաղաքական չեզոքությա՞մբ է առաջնորդվել, որովհետև դուք փաստացի հայտարարեցիք, որ սույն անձնավորությունը հանդիսանում է ՔՊ անդամ, մինչդեռ օրենքի պահանջը, որ ԲԴԽ անդամ պետք է քաղաքական չեզոքությամբ օժտված լինի։ Գուցե իր բարոյական չափանիշների սահմաններն են, անբիծ հրապարակային գործունեությունն է ձեզ համար հանդիսացել չափորոշիչ, որ իրեն բերել և այստեղ ներկայացրել եք մեր դատին։ Իր օբյեկտիվությունը, իր անաչառությունն է եղել չափանիշ, որը հիմք է հանդիսացել ՔՊ-ին  սույն անձնավորությանը, ով սոցիալական ցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, տարբեր անձանց, մեր հայրենակիցների, արցախցիների հասցեին և ոչ միայն հրապարակումներ անելով: Հետո էլ իր ֆեյսբուքյան էջը փակել է, հավանաբար դրանով փորձել սրբագրել իր «անբիծ» կենսագրությունը: Ո՞ր չափանիշներն են հիմք հանդիսացել ձեր այս փայլուն, հրաշալի ընտրության համար»,-ասաց նա՝ հարցն ուղղելով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, ով մինչ այդ ներկայացնում էր ԲԴԽ անդամի թեկնածուին:

Ի պատասխան Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Ինչ վերաբերում է քաղաքական անաչառությանը, պարոն Սիրունյանն այս պահին ՔՊ անդամ է և ընտրվելուց հետո, այո, պետք է առաջնորդվի քաղաքական անաչառության սկզբունքով։

Ինչ չափորոշիչներով ենք մենք առաջնորդվել, ես քիչ առաջ դա էի ընթերցում իմ լավ առոգանությամբ,  իր մասնագիտական կենսագրության, մասնագիտական ունակությունների, մշտապես ՀՀ-ում արդարադատության համար պայքարելու համար։

Իսկ ինչ վերաբերում է պարոն Սիրունյանի տարբեր գնահատականներին, որոնք նա հնչեցրել է ոչ պաշտոնյա լինելու ժամանակ, այդ հարցերը կխնդրեմ ուղղեք պարոն Սիրունյանին, որովհետև դա նրա գնահատականներն են, բայց նաև նման հարց տալու համար, ես կարծում եմ՝ նաև պետք է հարց տալու իրավունքը վաստակել: Դուք ներկայացնում եք մի քաղաքական ուժ, որի ներկայացուցիչները ամեն հարմար առիթի ՀՀ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության... այսօր առավոտվանից Հայաստանի Հանրապետության քարտեզի վերաբերյալ ինչ ասես, չասեցին: Հետևաբար պետք է հարց տալու բարոյական իրավունքը նաև վաստակել»:

Խամոյանն արձագանքեց. «Ես նման հարց չպետք է տայի մեկին, ով ականջ կտրելու, լեզու կտրելու սպառնալիքներ է հնչեցրել մարդու իրավունքների նախագահի ընտրության ժամանակ: Իրավացի եք, նման անձնավորությանը որևէ այլ անձի բարոյական նկարագրի մասին հարցադրումներ չպետք է հնչեին։

Դուք պատրաստվում եք մեկին ընտրել ԲԴԽ անդամ, սահմանադրական անկախ մարմնի անդամ,  ով պետք է երաշխավորի դատավորների, դատարանների անկախությունը, պետք է երաշխավորի, ով պետք է հանդիսանա քաղաքականապես չեզոք անձնավորություն: Բայց արդեն չեք փորձում անգամ այդ ձևականությունները պահպանել, որ այս ամբիոնից հայտարարում եք՝ դե ի՞նչ է եղել, որ հեսա կընտրենք, կգնա ՔՊ-ից դուրս գալու դիմում կգրի։ Շնորհավորում եմ ձեզ, ես կարծում եմ, որ սա լավագույն թեկնածուն է, որին դուք կարող էիք ընտրել և լավագույնս կարող է ներկայացնել այն դատական համակարգը, որը դուք այսօր ստեղծել եք երկրում»:

  • Կիսվել: