կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Ես հայ տղա եմ, և երբ դիմացինս կորցնում է իր եզրերը, պետք է նրան կարգի հրավիրել. «Մայր Հայաստանի» անդամ

Ես հայ տղա եմ, և երբ դիմացինս կորցնում է իր եզրերը, պետք է նրան կարգի հրավիրել. «Մայր Հայաստանի» անդամ

Պարոն Ավինյան, իմ պատկերացմամբ, շատ սելեկտիվ և կրկնակի ստանդարտներով եք վարում ավագանու նիստերը, երբ ընդդիմադիրներից մեկն է ինչ-որ բան ասում, թեկուզ և մեկ-մեկ կոպիտ կամ ավելորդ, շատ կոպիտ եք արձագանքում, իսկ երբ ձեր թիմակիցներն են անում, կամ չեք նկատում, կամ խնդրում եք, որ չանեն։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Անընդհատ խոսվում է նրա մասին, որ ինչ-որ վատ բառամթերք է օգտագործվում, վատ բառամթերքի մեջ պարոն Ավինյանից ես լսել եմ «լոճվել», «սառույցը դրեք վզներիդ կհովանաք», «Իյա-բամբարգիա»։ Այ սենց քաղաքապետ ունեցող քաղաքապետարանը, բնականաբար, պիտի վերջում բերետներով ընդդիմադիրներին հանի դուրս։ Ես հստակ, վստահ ասում եմ՝ որևէ անձի հանդեպ անհարգալից խոսք իմ կողմից, որպես նախաձեռնող, ինձ թույլ չեմ տալիս, ես նման դաստիարակություն չունեմ, և ես կարծում եմ, որ քաղաքական հանրային խոսույթում որևէ հայհոյանք և վիրավորական բառ սխալ է։

Բայց, մյուս կողմից, բացի այն, որ քաղաքագետ եմ և իրավաբան, նաև մարդ եմ, հայ տղա եմ, բնականաբար, երբ դիմացինը կորցնում է իր եզրերը, պետք է դիմացինին կարգի հրավիրել։ Հենց Երևանի փողոցները մեզ դա սովորեցրել են։

Անընդհատ որ ասում եք՝ «ձեր քուչում չեք», ես մեր քուչում չեմ, ես Երևանի ավագանիում եմ, եթե մեր քուչում լինեինք, ես այդտեղ նստած կլինեի (ցույց տվեց քաղաքապետի աթոռը–խմբ)։

Ու ամենակարևորը, հիմա այսպես անընդհատ շոու է դառնում երևանցիների աչքերի առաջ այս ամեն ինչը, ու իրապես այս եթերը լոճվել-պրծել է, լոճվել այնպես, ոնց որ ԱՆԻՖ–ի բյուջեն է լոճվել, ոնց որ դատական համակարգն է լոճվել»:

Ավագանու ընդդիմադիր անդամը նկատեց, որ ամեն տարի քաղաքի բյուջեի մեջ ավելացվում են դատարաններում քաղաքապետարանի պարտված վճիռները բողոքարկելու ծախսերը. «150 միլիոն էր, հետո դարձավ 180 միլիոն, հիմա դարձավ 195 միլիոն։ Գուցե պետք է ոչ թե ավելացնել դատական ծախսերը բողոքարկման, այլ սկսել իրապես իրավական, գրագետ և կոռեկտ աշխատանք»։

Խոսքի ավարտին Հակոբյանը շնորհավորեց երևանցիներին Ամանորի առթիվ՝ ասելով. «Մեր երևանցիներին մաղթում եմ լավ տարի, հույս ունեմ, որ մյուս տարի այս ժամանակ ՔՊ-ն այլևս իշխանություն չի լինի և մեր քաղբանտարկյալները, մեր հոգևորականները բոլորը կլինեն ազատության մեջ»։

  • Կիսվել: