շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ես չէի ուզում ուրախանար ՔՊ-ն. Կարեն Սիմոնյան

Ես չէի ուզում ուրախանար ՔՊ-ն. Կարեն Սիմոնյան

Ես չէի ուզում ուրախանար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որ մենք մտորում ենք, մտածում ենք, միանգամից հարցը փակել եմ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, Գյումրու ավագանու առաջին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի կողմից Գյումրիում քաղաքապետի թեկնածու ներկայացված Կարեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, որ իրենք չե՞ն շտապել հայտարարելով, որ քվեարկելու են Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ դառնալու օգտին։

Հարցին՝ հնարավո՞ր էր այլ թեկնածու առաջադրել, նա պատասխանեց. «Քաղաքականությունն ունի իր կանոնները։ Առավելագույն  ձայն ստացած ուժին եթե չես սատարում, ինքն էլ չի քվեարկելու ավելի քիչ ձայն հավաքած ուժի օգտին և գալու ենք նույն բանին՝ վիժեցնելու ենք համախմբումն ընդդիմադիր դաշտում, որն անցանկալի է։ Մեր նպատակը եղել է  «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելը»։

Նա ընդգծեց, որ ընդդիմադիր դաշտի նպատակը մեկն է  եղել ու առաջին օրվանից հայտարարել են՝ չեն միանալու «Քաղաքացիական պայմանագրին»։

«Պետք է հարգել գյումրեցու քվեն»,- ասաց նա։

Նշենք, որ այս պահին ընթանում է Գյումրիի ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է ընտրվի քաղաքապետ: ՔՊ խմբակցությունը չի մասնակցում նիստին: Նիստը վարում է Վարդան Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով ավագանու 33 մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ.

Սարիկ Մինասյան (ՔՊ) - 14 մանդատ

Վարդան Ղուկասյան (Կոմկուս) - 8 մանդատ

Մարտուն Գրիգորյան («Մեր քաղաքը» դաշինք) - 6 մանդատ

Ռուբեն Մխիթարյան (Իմ հզոր համայնք) - 3 Մանդատ

Կարեն Սիմոնյան (“Մայր Հայաստան” դաշինք) - 2 մանդատ

Ընդդիմադիր 4 ուժերը հայտարարել են, որ կաջակցեն Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի քաղաքապետ: Եթե Կարեն Սիմոնյանն ու Ռուբեն Մխիթարյանը հենց սկզբից հայտարարեցին, որ աջակցելու են Վարդան Ղուկասյանին, ապա Մարտուն Գրիգորյանը երկար լռությունից հետո հայտարարություն տարածեց, որ կտա անհրաժեշտ քվեներ Վարդան Ղուկասյանին, սակայն հետագա գործունեության համար պատասխանատվություն չի կրելու: Ավելի վաղ՝ մինչ ընտրությունները նա հայտարարել էր, որ ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի միջոցով ուզում է վերցնել քաղաքը:

Մամուլում բազմաթիվ տեղեկություններ են հայտնվել, որ չի բացառվում, որ ՔՊ-ն Գյումրիում կիրառի Վանաձորի նախադեպը, որտեղ ընտրություններից հետո կալանավորվեց քաղաքապետի ամենահավանական թեկնածու Մամիկոն Ասլանյանը եւ քաղաքապետի պաշտոնակատար նշանակվեց իշխանությանը հարմար թեկնածուն:

  • Կիսվել: