Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը վաղ թե ուշ կստորագրվի․ ՌԴ պետդումայի պատգամավոր
Ռուսաստանի Պետդումայում ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը վաղ թե ուշ կստորագրվի:
Բացի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներից՝ նա անդրադարձել է նաև գործընթացի առաջընթացին խոչընդոտող հանգամանքներին և այդ գործընթացում Ռուսաստանի դերին:
«Առաջին հերթին պետք է Հայաստանի Սահմանադրությունից հանել այն, ինչ վերաբերում է Ղարաբաղին, օրակարգում կան նաև այլ հարցեր, վաղ թե ուշ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, իհարկե, ավելի շուտ ավելի լավ կլինի, ուստի մենք ամեն ինչ անելու ենք, որ դա տեղի ունենա մոտ ապագայում։ Պետք չէ հապաղել, մենք պետք է առաջ շարժվենք խաղաղ արարման ճանապարհով՝ ի շահ Հարավային Կովկասի ժողովուրդների»,-ասել է Սլուցկին: