Մոսկվան Արևմուտքին մեղադրում է Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիայի հարցում Երևանին «շանտաժի ենթարկելու» մեջ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն Արևմուտքի երկրների մեղադրել է ռուսական կառավարման ներքո գտնվող Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հարցում «Հայաստանի ղեկավարությանը շանտաժի ենթարկելու մեջ»։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ արտաքին գերատեսչությանը։
«Հաշվի առնելով, որ նախկինում որևէ մեկին կոնցեսիայի փոխանցման հարցը չի բարձրացվել, շատ հավանական է, որ Հայաստանի ղեկավարությունը պարզապես շանտաժի է ենթարկվում։ Նրանք պահանջում են վերացնել «ռուսական գործոնը» տրանսպորտային ոլորտում, իսկ դրա դիմաց խոստանում են բազմամիլիոն դոլարանոց ներդրումներ և հասանելիություն այնպիսի նախագծերին, որոնց տնտեսական կենսունակությունը հազիվ թե նկատելի է։ Սա լիովին համապատասխանում է արևմտյան մայրաքաղաքների անազնիվ խաղերին՝ Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղելու համար»,-նշել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունից՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Երևանը դիվանագիտական ուղիներով կապ է հաստատել Մոսկվայի հետ Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիայի վերաբերյալ։
ՌԴ ԱԳՆ-ից հավելել են, որ այս հարցի բարեկամական լուծումը պահանջում է գործնական քննարկում բանակցությունների սեղանի շուրջ։
«Ընդհանուր առմամբ, հրապարակային հայտարարություններ անելուց առաջ գործընկերները սովորաբար նստում և գործնական ձևով քննարկում են առկա խնդիրներն ու մտահոգությունները։ Սա հատկապես ճիշտ է, եթե, ինչպես պնդում է Երևանը, ցանկություն կա գտնել բարեկամական լուծում»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։
Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 24-ին ԱԺ-ում կառավարության նոր ծրագրի ներկայացման ժամանակ անդրադարձել էր այս թեմային՝ հայտարարելով, որ հայկական երկաթուղային ցանցի ռուսական կոնցեսիոն կառավարման ներքո Հայաստանը կարող է զրկվել միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորությունից։
Վարչապետը պարզաբանել էր, որ միջազգային ներդրողները, բեռնափոխադրողները, ապրանքներ վաճառողներն ու ձեռքբերողները ուզում են խուսափել Հայաստանի Երասխ-Ախուրիկ երկաթուղուց, քանի որ երկաթուղու այդ հատվածը գտնվում է ռուսական կառավարման ներքո։ Փաշինյանը այս հարցի կարգավորման շուրջ ՌԴ իշխանությունների կողմից ճկունություն էր ակնկալել։
«Ռուսաստանի և Արևմուտքի բարդ հարաբերությունները, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, միջազգային ներդրողներին, բեռնափոխադրողներին և առևտրի մասնակիցներին ստիպում են խուսափել, դա ռիսկ համարել և ռիսկի չդիմել՝ ուղղակի կամ անուղղակի պատժամիջոցային սահմանափակումների կամ նման ռիսկ ունեցող ենթակառուցվածքի հետ աշխատելով»,-մանրամասնել էր Փաշինյանը։
Փաշինյանը հերթական անգամ կրկնել էր հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի որևէ երրորդ երկրի վաճառելու առաջարկը։



