ԵՄ անդամակցությունը բարդ գործընթաց է, բայց դա ինքնիշխան որոշում է, մենք քաջալերում ենք Հայաստանին. Ֆայոնը՝ Միրզոյանին
Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու հավակնությունները մեծապես գնահատում եմ: Ինչպես ասացիք, այո՛, մենք ընդհանուր արժեքների վրա ենք հիմնում մեր գործընկերությունը, և այս ժամանակաշրջանում իսկապես կիսում ենք ամուր եվրոպական արժեքները: Այդ մասին ասաց Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը՝ համատեղ ասուլիսի ժամանակ խոսքն ուղղելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:
«ԵՄ անդամակցությունը բարդ գործընթաց է, բայց դա ինքնիշխան որոշում է, և մենք քաջալերում ենք Հայաստանին՝ շարունակելու ժողովրդավարացման արժեքներն առաջ մղելու, կոռուպցիայի դեմ պայքարն առաջ տանելու գործընթացները: ԵՄ-ն այս բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն է հայտնում»,- ասաց նա: