երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ԵՄ անդամ պետությունների դեսպանները հանդիպել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ

ԵՄ անդամ պետությունների դեսպանները հանդիպել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի նախաձեռնությամբ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում  տեղի է ունեցել ԵՄ անդամ պետությունների դեսպանների հանդիպումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Ժաննա Անդրեասյանի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Անդրադառնալով նախորդ տարում գրանցած հաջողություններին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպաններին իրենց կարևոր հանձնառությունների համար:

«ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը, համատեղ ջանքերն ու աշխատանքը զարգացման օրակարգ են ապահովում Հայաստանի համար: ԵՄ-ի հետ մեզ միավորում են մարդու իրավունքների, ժողովրդավարական, ավելի արդար և ազնիվ աշխարհում ապրելու արժեքները: Այս համատեքստում չափազանց մեծ է կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության, սպորտի ոլորտների նշանակությունը, որտեղ մարդկային կապիտալը  զարգացման շարժիչ ուժն է»,-  Ժաննա Անդրեասյանի խոսքերն է մեջբերված ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Շեշտադրելով համագործակցության ուղղությունները՝ Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է Կրթության զարգացման մինչև 2030 թ. ռազմավարության շրջանակում իրականացվված և ընթացող Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքը։ Նախարարն առանձնակի կարևորել է նաև գիտության և մշակույթի ոլորտների համագործակցությունը՝ շեշտելով ուղիղ կապերի զարգացման և երկխոսության ամրապնդման կարևորությունը։

Ներկաներին ողջունել է նաև ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը: Դեսպանը շեշտել է Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում՝ կարևորելով համատեղ իրականացված ծրագրերի ու ձեռքբերումների շարունակականությունը:

 

  • Կիսվել: