ԵԱՀԿ-ում նախագահող Ֆինլանդիան շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտի առթիվ
Ֆինլանդիան, որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահ, շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին խաղաղության պայմանագրի տեքստի նախագծի շուրջ բանակցությունների հաջող ավարտի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Ֆինլանդիայի ԱԳՆ հայտարարությունից:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Այս նշանակալից նշաձողը արտացոլում է Հարավային Կովկասում ապագա խաղաղության, կայունության և համագործակցության հասնելու ընդհանուր հանձնառությունը:
Թեև այս ձեռքբերումը կարևոր քայլ առաջ է, Ֆինլանդիան ընդունում է, որ կարևոր աշխատանք դեռևս պետք է կատարվի խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման և իրականացման ուղղությամբ: Որպես ԵԱՀԿ նախագահ՝ Ֆինլանդիան պատրաստ է աջակցել կայուն խաղաղության հասնելու բոլոր ջանքերին»: