Սահմանազատման շուրջ աշխատանքը անընդհատ է, քանի դեռ այն չի ավարտվել. Նիկոլ Փաշինյան
Հազարավոր հեկտարներով հողեր, որոնք նախկինում պատերազմական իրավիճակի բերումով չէին մշակվում, այսօր այդ հողերի մշակման վերաբերյալ ոչ մի խոչընդոտ չկա, երկրորդ՝ մենք ասել և ասում ենք՝ չի կարելի իրականությանը նայել միակողմանի: Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանի հարցին, որը վերաբերում էր Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ տարածքներին և մեր տարածքում կառուցված ադրբեջանական դիրքերին:
Վարչապետի խոսքով՝ դիրքեր կան և՛ մեր տարածքում, դիրքեր կան և՛ մեր տարածքից դուրս:
«Խնդիրներ կան, սահմանազատման գործընթացում այդ խնդիրները պետք է լուծվեն: Ընդ որում՝ տարածաշրջանային կապուղիների բացման համատեքստում առաջինը կապուղիների անցման հատվածների սահմանազատման ու սահմանագծման հարցը պետք է լուծվի, և շատ կարևոր է արձանագրել, որ դե յուրե խնդիրը լուծված է:
Էդ խնդիրը լուծված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգով, որը ԱԺ-ի կողմից վավերացված է, և մենք էլի պետք է առերեսվենք այս խնդիրներին և քայլ-քայլ լուծենք, այսինքն՝ էդ տարածքների խնդիրը կա, բայց այդ տարածքների խնդրի լուծման իրավական բանաձևը ընդունված է, արձանագրված է: Ավելորդ նյարդայնանալու կարիք այդ թեմայով չկա: Ինչպես գիտեք, կան բարդ տեղեր, բարդ հատվածներ, լրացուցիչ աշխատանք է պետք, որպեսզի մենք մարդկանց համար լրացուցիչ դիսկոմֆորտներ չստեղծենք, մարդկանց բնականոն կյանքը ոչ միայն չդժվարացնենք, այլև հարմարավետ դարձնենք»,- հայտարարեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սահմանազատման գործընթացն այսօր էլ շարունակվում է, որովհետև սահմանազատման հանձնաժողովները բազային փաստաթղթեր են ընդունում, թե ինչպես պետք է այդ ամենը լինի, և առաջիկայում այդ աշխատանքը կշարունակվի:
«Շատ կարևոր է, որ սահմանազատումը դառնա մաքսիմալ կանխատեսելի, որպեսզի անորոշություններից հնարավորինս խուսափենք, և սահմանազատման արդյունքում այդ բոլոր խնդիրները կլուծվեն: Սահմանազատման շուրջ աշխատանքը անընդհատ է, քանի դեռ այն չի ավարտվել»,- խոսքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:



