Ձերբակալված ՀՅԴ անդամներին տեղափոխում են Երևան քաղաքի քննչական վարչություն
Խուզարկությունների արդյունքում ձերբակալված ՀՅԴ անդամներին տեղափոխում են Պարույր Սևակ 4 հասցեում գտնվող Երևան քաղաքի քննչական վարչություն: Հայտնում է ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը
«Այնտեղ են ուղևորվում նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներն ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները։Իրավիճակը լուսաբանել ցանկացող ԶԼՄ գործընկերները կարող են մոտենալ նշված վայր»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից ուժային կառույցները ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի և «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։
Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։
ԱԱԾ-ն առգրավել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին՝ ձերբակալել։