Դուրս կգանք հրապարակ ու ավարտին կհասցնենք սկսածը, եթե լինի բավարար վստահություն. Բագրատ Սրբազան
Այսօր Արցախի Սահմանադրության օրն է, և դա արդեն խոսում է այն կայացած պետության մասին, որ մենք ունեինք և շատ հույս ունեմ, որ առաջիկային նաև մեր բոլորի ջանքերով կարողանանք վերականգնել մեր տունը։ Այս մասին, այսօր Արցախի ներկայացուցչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:
«Տարօրինակ պիտի չլինի և ոչ էլ զարմանալի, որ այս իշխանությունը որևէ կերպով անդրադարձ չի ունենում: Իրենք արդեն բազմաթիվ առիթներով բազմիցս վկայել են, Արցախ իրենց համար որպես այդպիսին, նույնիսկ որպես հողատարածք, աշխարհագրական միավոր, գոյություն չունի։
Առաջնային խնդիրը այսօր պիտի լինի այն, ինչը հնարավոր է վերականգնել և ձեռք բերել: Աշխարհն էլ վկայել է այդ մասին, սակայն միակ խոչընդոտը այսօրվա ՀՀ իշխանություններն են մեր ժողովրդի Արցախ վերադարձը ապահովելու, արժանապատիվ և անվտանգ կացության։
Մեզ համար ամոթալի է, որ դեռ Բաքվի բանտերում է գտնվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այս հարցը եւս համատարած լռության է մատնված»,-ասաց նա:
Հարցին՝ առաջիկայում ի՞նչ սպասենք ներքաղաքական կյանքում, Բագրատ ՍՐբազանը պատասխանեց. «Ի հեճուկս բոլոր տեսակի մտածումների, թերամտությունների, սրբազան պայքարի էությունն, բովանդակությունը չի փոխվել: Ժամանակահատվածն էլ կապված է միայն և միայն նրա հետ, որ մենք վերջնականապես մեկ անգամ դուրս պիտի գանք և հարցը փակենք: Իսկ ինչո՞ւ է ձգձգվում, որովհետև այն փուլերը, որ մենք անցել ենք, մեզ բավականին լուրջ մտորումների տեղիք են տվել, թե վստահության իմաստով, թե հանձնառության իմաստով, թե նպատակների մեջ ազնիվ լինելու իմաստով:
Ես ուրախ եմ, որ այս ընթացքում բազմաթիվ խմբեր, թե երիտասարդական, թե տարբեր տեղերից, մարզերից, Երևանից, փոքր թվով, մեծ թվով այցելում են, իրենց պատրաստակամությունը հայտնում են: Այսինքն այդ մտածումը, ապրումը, սպասումը, տրամադրությունը առկա է»:
Սրբազանը նկատեց, որ այս ընթացքում բազմաթիվ հալածանքներ են տեղի ունեցել իշխանության կողմից. «Դրանք կլինեն տարբեր գործարարների նկատմամբ, որոնք այս պայքարի մեջ են եղել, կլինեն մեր պարզ քաղաքացիների նկատմամբ, դատական գործերի, հայցերի, վախեցնելու, տուն այցելելու, մարդկանց զգուշացնելու և այլն և այլն: Այսինքն այդ պայքարի նաև լուռ մասն է շարունակում: Ես ուզում եմ վստահեցնել, որ առաջիկան, ինչքան որ կտևի այս շրջանը, Աստծով շատ կարճ տևի, այն վստահությունը, որ մենք կունենանք այդ ժամանակահատվածում պայմանավորված հանձնառություններով, մենք դուրս ենք գալու հրապարակ և ավարտին հասցնենք այս սկսածը»: