Դուք մեր ժողովրդի կողմից չունեք մանդատ Հայաստանից նոր տարածքներ հանձնելու համար․ Սաղաթելյանը՝ ՔՊ-ին
Պարո՛ն Ռուբինյան, Դաշնակցությունը Ձեզ, ՔՊ-ին, Նիկոլ Փաշինյանին չի մեղադրում Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունների համար, մենք ձեզ մեղադրում ենք Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները խոնարհաբար իրականացնելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դուք մեր ժողովրդի կողմից չունեք մանդատ երկիրը նոր զիջումների տանելու, չունեք մանդատ անկլավների անվան տակ Տիգրանաշենը հանձնելու, չունեք մանդատ սահմանագծման ու սահմանազատման անվան տակ Հայաստանից նոր տարածքներ հանձնելու, Ադրբեջանի պահանջով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագրից հրաժարվելու, Հայոց Ցեղասպանությունը ուրանալու համար, չունեք մանդատ երկիրը նոր արկածախնդրության տանելու»:



