Դեպի օդ կրակոցներ են, բացի մի դեպքից, բայց չեմ ասում, որ դրանք նշանակություն չունեն. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
«Ընդհանուր առմամբ, իհարկե մտահոգիչ է, բայց դուք գիտեք, որ մենք դրա հետ կապված բոլոր տեղեկությունները հավաքարգրում և փոխանցում ենք հակառակ կողմին և նույնը ստանում ենք իրենցից։ Պետք է նշեմ, որ կրակոցները, որոնց մասին լուրերը տեղ են գտել համացանցում, չեն կատարվում դիրքերի ուղղությամբ, դրանք ուղղակի կրակոցներ են»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, Factor.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում սահմանամերձ գյուղերում հնչող կրակոցներին։
Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ կրակոցների հետևանքով գյուղի բնակիչներից մեկի տունն է վնասվել, Ալեն Սիմոնյանն ասաց.
«Այդ կրակոցները, բացի այդ մի դեպքից, եղել են դեպի օդ։ Չեմ ասում, որ դրանք որևէ նշանակություն չունեն, ուզում եմ՝ իրերն իրենց անուններով անվանեմ։ Կրակոցների վերաբերյալ, կցանկանայի, որ միայն պաշտոնական աղբյուրներից օգտվեք, որովհետև հաճախ հիբրիդային ձևով լրատվական դաշտ տեղեկություններ են նետվում և շահարկումներ են արվում։ Հաճախ ինչ–որ մարդիկ ֆեյք էջերով դիքրերի մասին են գրում, տեղեկություններ են տալիս, երկու կամ երեք օր առաջ տեղի ունեցածը որպես այսօրվա լուր են ներկայացնում»։
Անդրադառնալով ԱԳՆ հայտարարության վերաբերյալ արձագանքներին Ալեն Սիմոնյանն ասաց.
«Որոշ մարդկանց կոչ եմ անում զերծ մնալ ՀՀ–ին նոր աֆյորայի մեջ ներքաշելուց, մենք դա թույլ չենք տալու։ Կոչ եմ անում նրանց չմտնել նման ավանտյուրաների մեջ։ Ինչ վերաբերում է Արցախ վերադարձին, այդ մասին հարյուր անգամ խոսել ենք։ Այն ժամանակ, երբ այդ վերադարձը անվտանգային առումով հնարավոր կլինի, այդ մասին կխոսենք։ Բայց չեմ կարծում, որ մոտակա տարիների ընթացքում նման իրավիճակ կունենանք, երբ հայը կկարողանա ապրել այնտեղ, որտեղ երկու օրվա ընթացքում անվտանգային սպառնալիքից ելնելով դուրս եկավ։ Ի՞նչ է փոխվել այդ օրերից այս կողմ։ Ցավոք սրտի, ոչինչ չի փոխվել»։