ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Դա խելամիտ չէ․ Ռոբերտ Քոչարյանը՝ ԵՄ–ին միանալու Հայաստանի ձգտման մասին

Դա խելամիտ չէ․ Ռոբերտ Քոչարյանը՝ ԵՄ–ին միանալու Հայաստանի ձգտման մասին

ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ռուսական ԶԼՄ-ների հետ զրույցում սիրուն հեքիաթ է անվանել ԵՄ–ին միանալու ՀՀ ձգտումը:

«Առաջարկվում է կոտրել այն մեխանիզմը, որը հիմա լավ աշխատում է, որպեսզի գնանք մի գեղեցիկ հեքիաթի հետևից։ Դա խելամիտ չէ»,–ասել է նա։

Սևանում քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ զրույցում Քոչարյանն ասել է, որ այս իշխանությունն արեց ամեն ինչ, որ քարոզարշավը դառնա թույնով լցված քաղաքական պրոցես, որ այն լցված լինի ստով, կեղծիքով, ատելության խոսքով, որով ևս մեկ անգամ այն, ինչ անում էին 2018 թվականից, ևս մեկ անգամ փորձեցին բաժանել ժողովրդին, թշնամացնել իրար։

«Ընտրություններից հետո պետք է սկսենք հակառակ պրոցեսը՝ վերանորոգել մեր երկիրը ձեզ հետ միասին։  Բայց գիտե՞ք, իրենք սրանով չեն բավարարվում։ Երկիրը թունավորելով, երկրի վրա թույն շնչելով՝ չեն բավարարվում։ Իրենք արել են շատ ավելի վտանգավոր մի բան։ Իրենք մեզ տեղադրել են Եվրամիություն-Ռուսաստան հակասության կենտրոնում։

Սա այն է, ինչի մասին ես առնվազն մի քանի ամիս առաջ և մի քանի անգամ տարբեր մամուլի ասուլիսների ժամանակ զգուշացնում էի, որ դա լավ տեղ չի փոքր երկրի համար՝ բարդ տարածաշրջանում։

Իրենք մի ճակատագիր են ընտրել Հայաստանի համար, որը շատ նման է Ուկրաինայի ճակատագրին, որը շատ նման է Վրաստանի՝ Սահակաշվիլու ժամանակների ճակատագրին։ Մեզ դա պետք չէ, և մենք դա մերժում ենք»,-ասել է Քոչարյանը։

  • Կիսվել: