կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Չունենք արտահերթ ընտրությունների ծրագրեր. Կոնջորյանը՝ պաշտոնանկությունների մասին

Չունենք արտահերթ ընտրությունների ծրագրեր. Կոնջորյանը՝ պաշտոնանկությունների մասին

Ընդդիմության վախերը՝ մոտալուտ խորհրդարանական ընտրությունների, ակնհայտորեն բյուրեղացնում են հենց իրենց բարդույթները, որովհետև շատ լավ հասկանում են, որ հանրության շրջանում իրենց հավանության մակարդակը շրիշակից էլ ներքև է իջել, և այդտեղ նրանք լրջագույն ռիսկեր են տեսնում: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմության դիտարկումներին, թե համակարգային փոփոխությունները կապված են նախատեսվող հերթական կամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ:

«Մենք չունենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ծրագրեր: Հայաստանում 2021 թվականին են տեղի ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Հայաստանի ժողովուրդն իր կամքը ձևակերպել է ընտրությունների արդյունքում:

Հաջորդ հերթական ընտրությունները 2026 թվականին են, և մենք մինչև 2026 թվականը մի շարք անելիքներ ունենք ժողովրդի կողմից մեզ տրված մանդատն իրագործելու ճանապարհին, և  ընդդիմությունը լավ կանի, որպեսզի օգտվի նաև այս առիթից և ինքնահայեցման սեփական օրինակը ցույց տա, որովհետև ես կարծում եմ՝ ինքնահայեցումը, ռեֆլեքսիան մի բան է, ինչն ընդդիմության մոտ բացարձակապես գոյություն չունի:

Կարծում եմ՝ հրապարակային պրոցեսները պիտի նաև իրենց հուշեն, որ մի քիչ էլ աշխատեն սեփական արդյունավետությունը բարձրացնելու համար, ոչ թե ճամարտակեն իշխանության գործողություններն աղավաղված, աղճատված կերպով ներկայացնելու համար»,- ասաց նա:

  • Կիսվել: