ուրբաթ, օգոստոս 21
21 / 8 / 2026
Չի կարելի թաքնվել քաղաքական հայացքների հետեւում. Վլ. Վարդանյանը՝ Էրիկ Ալեքսանյանի կալանավորման մասին

Չի կարելի թաքնվել քաղաքական հայացքների հետեւում. Վլ. Վարդանյանը՝ Էրիկ Ալեքսանյանի կալանավորման մասին

Եթե եղել են առերեւույթ հիմքեր քրեական գործ հարուցելու, ապա դատարանը պետք է գործի իր իրավասությունների շրջանակներում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով փաստսբան Էրիկ Ալեքսանյանի կալանավորմանը, ինչը շատերը համարում են քաղաքական հետապնդում:

«Մենք պետք է սովորենք, որ պատգամավորը չի կարող եւ չպետք է մեկնաբանի դատական իշխանության որոշումները: Բայց դատական իշխանությունը եւս պետք է իմանա, որ բացարձակապես անկախ պետք է գործի թե գործադիրից, թե օրենսդիրից: Ինչ վերաբերում է գործի հանգամանքներին, կա նախաքննության գաղտնիք, որը թույլ  չի տալիս ավելի տեղեկատվություն ունենալ, քան հրապարակվել էր դատախազության կողմից կամ համապատասխան սուբյեկտների կողմից: Չի կարելի ամեն քրեաիրավական վարքագիծ դիտարկել որպես քաղաքական հետապնդում, չի կարելի թաքնվել քաղաքական հայացքների հետեւում, կատարելու համար այս կամ այն ոչ իրավաչափ վարքագիծը:

Անհրաժեշտ է, որ դատարանները, դատախազությունը, իրավապահ մարմինները հստակ ուսումնասիրեն գործի բոլոր հանգամանքները եւ արդյունքում մենք պետք է ունենանք որակյալ դատական ակտ կամ որոշում անձի վարքագծի վերաբերյալ»,-ասաց նա:

Հարցին, թե իր կարծիքով հիմա դատական համակարգն անկա՞խ է գործում, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Հիմա դատական համակարգը շատ ավելի անկախ է, քան այն ժամանակները... չասեմ երբ, դուք կիմանաք»:

  • Կիսվել: