«Չեմ կարծում, որ փողոցի բոլոր ծառերը հատման ենթակա են եղել. կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում». Սուքիասյան
«Գուցե եղել են դարն ապրած ծառեր, որոնք ենթակա են եղել հատման, բայց չեմ կարծում, որ մի ամբողջ փողոցի տասնյակ ծառեր հատման ենթակա են եղել»։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, քաղաքապետարանի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։
«Բյուջեի կատարողականները նայում էինք, քննարկում էինք, իրենց հրապարակած վիճակագրության համաձայն Երևանում եդեմական վիճակ պիտի լիներ, երկու կողմերը ծառեր պիտի լինեին, բայց արի ու տես, որ այդ վիճակը չի։ Ես այս ծառերը հատելու ու նորերը տնկելու մեջ կոռուպցիոն ռիսկ եմ տեսնում։ Հայտնի է, որ Ավինյանի հետ կապված էլ ծառեր ներմուծող ընկերություններ կան»,–հավելեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ մասսայական ծառահատումների։