երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
«Չե՛մ հաշտվելու ձեր հետ, դպրոցները փակում եք, երեխեքին ո՞ւր տանենք». Վեճ Փաշինյանի և քաղաքացու միջև

«Չե՛մ հաշտվելու ձեր հետ, դպրոցները փակում եք, երեխեքին ո՞ւր տանենք». Վեճ Փաշինյանի և քաղաքացու միջև

Մենք ոչ մի գյուղի դպրոց չենք փակում, մենք գյուղերի համար կառուցում ենք դպրոց. այլ բան, թե այդ դպրոցը որտեղ է տեղակայված, կարող է 1-2 կիլոմետր այն կողմ լինի։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3–ին, Լեռնամերձ բնակավայրում գյուղացիների հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երբ գյուղացին ասաց, որ 4 կմ հեռու է դպրոցը, վարչապետն ասաց. «Ես ձեզ բերեմ իմ օրինակ, ես ապրել եմ Երևանում, իմ 4 երեխաները ամեն օր 6 կիլոմետր գնացել են դպրոց, 6 կիլոմետր եկել են։ Ես դա արել եմ, որ իմ երեխեքի համար լավ լինի, հիմա բոլոր գյուղերի երեխեքի համար էլ եմ նույն ձև անում, որ միջավայր ձևավորվի, որ երեխեքը ուրիշ գյուղերի երեխեքի հետ էլ ընկերություն անեն, գնան այնտեղ նորմալ կրթական պրոցես անցնեն»։

Գյուղացին հակադարձեց, որ գնում են ոււրիշ գյուղ, էնտեղ կռիվ է լինում, ձմեռը դժվար են գնում, մեքենա չկա։ Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Դրա համար կառավարությունը նախ որոշել է, որ մինչև դպրոց գնացող ճանապարհը պետք է նորոգվի, երկրորդը, մենք պլանավորում ենք միկրոավտոբուսներ առնել պրոֆեսիոնալ վարորդներով, որ առավոտ մտնի գյուղ, երեխեքին տանի դպրոց, իրիկունը բերի գյուղ, երեխեքին իջեցնի։ Բայց հիմա նաև ուրիշ առաջարկ կա, ծնողներն ասում են՝ տրանսպորտի փողը տվեք մեզ, մենք կտանենք, կբերենք։ Այդպիսի տարբերակ էլ կա։

Մեր խնդիրը այն է, որ երեխեքը ստանան նույն մակարդակի կրթություն, ինչ որ ստանում են Երևանի ամենակենտրոնի դպրոցում։ Ամենայն հարգանքով, 30-40-50 հոգանոց դպրոցում դա հնարավոր չի ապահովել։

Դրա համար մենք ասում ենք՝ դուք պետք չի տանեք, մենք նոր գործարանային արտադրության միկրոավտոբուսը կառնենք, վարորդի պրոֆեսիոնալ հատկությունն էլ կստուգենք, ուղեկցող էլ կնշանակենք, կմտնեն առավոտը երեխեքին իրենց բակերից միկրոավտոբուսով կտանեն, որ ժամին, որ պետք է, հետո երեխեքը դասերը սովորած, սնված, խաղացած, շփված կգան տուն»։

Դա չհամոզեց գյուղացուն, նա ասաց, որ կարելի է այդ ամենը կազմակերպել գյուղում, որպեսզի գյուղը չդատարկվի. «Սա փոքր գյուղ է, որ դպրոցը գյուղում չլինի, գյուղը կդատարկվի։ Գյուղում մենք 100 տարի գազ չենք ունեցել, շնորհակալություն ձեզ, հիմա ունենք, այս ասֆալտը արել եք, բայց դպրոցը էս գյուղի լուսավոր կետն է։ Գնալու են ուրիշ գյուղի դպրոց, ուրիշ շրջապատ սաղ օրը կռիվ դավի, վեճեր են անում, իրենց ծեծում են, գալիս են։ Էդ հարցում ես ձեզ հետ շեմ հաշտվի»։

Փաշինյանը շարունակեց. «Հազարավոր մարդիկ գյուղերից դուրս են գալիս գնում են Երևան ապրելու մենակ այն պատճառով որ իրենց երեխեքը նորմալ կրթություն ստանալու հնարավորություն չունեն։ Դրա համար այն տեղերում, որտեղ բավարար թվով երեխեք չկան, գոնե 100-200 աշակերտով, կառուցում ենք կրթահամալիրներ, ավտոները տալիս ենք։

Մարդիկ միլիոններ են ծախսում, իրանց երեխեքին ուղարկում են Քեմբրիջ սովորելու, Օքսֆորդ սովորելու, ես չեմ հասկանում՝ էս ի՞նչ մտածողություն է մեր մոտ մտած, երեխեն հանկարծ տնից դուրս չգա, վայ երեխան գյուղից դուրս չգա, բա երեխան մեծացավ 18 տարեկանը լրացավ, մնալու է գյուղո՞ւմ»։

  • Կիսվել: