Բարձրաստիճան պաշտոնյաներից՝ մինչև քրեական դեմքեր․ ովքեր են «տիրացել» Օղակաձև զբոսայգուն (մաս 4)․ Hetq.am
«Հետք»-ը շարունակում է ներկայացնել Օղակաձև զբոսայգում տարածքներ վարձակալած, կառուցապատում իրականացրած անձանց և ընկերություններին: Այս անգամ անդրադառնում ենք զբոսայգու 4-րդ հատվածին:
Երևանի քաղաքապետարանի և Կադաստրի կոմիտեի «Հետք»-ին տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի տարբեր տարիների վարձակալների մեծ մասը նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են և նրանց փոխկապակցված անձինք, որոնց թվում են՝ Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին պետ Լյուդվիգ Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի ընտանիքը, Երևանի քաղաքապետի նախկին գլխավոր խորհրդական Գրիգոր Մելքումյանը, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ Սամվել Սանամյանի որդին, ինչպես նաև «Պզո» մականունով հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանի հետ ԱՄՆ-ում ձերբակալված անձինք:
Նախկին հյուպատոսն ու բարձրաստիճան ոստիկանը

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում 1117 քմ մակերեսով հողամաս է վարձակալել «Արձակուրդ» ՍՊԸ-ն: Այս ընկերությունը «Օղակաձև»-ում է 2001 թվականից: Ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև գործող պայմանագիրը կնքվել է 2016 թվականի հուլիսի 26-ին, որն ուժի մեջ է մինչև 2035 թվականի մայիսի 22-ը: Հողամասը տրամադրվել է սրճարանի, բարեկարգման և կանաչապատման նպատակով: Հողամասի վարձակալության տարեկան վարձավճարը 3 միլիոն 225 հազար դրամ է:
«Արձակուրդ» ՍՊԸ-ի վարձակալած տարածքում այժմ ռեստորան է գործում:
«Արձակուրդ» ՍՊԸ-ն հիմնադրել է Հրայր Գևորգյանը 1997 թվականին: 2001 թվականին ընկերության 25-ական տոկոսի բաժնետեր են դարձել և մինչև օրս շարունակում են մնալ ոստիկանությունում տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Լյուդվիգ Սարգսյանի կինը՝ ԵՊՀ ռուս գրականության ամբիոնի դասախոս Ռուզան Տեր-Գրիգորյանը, ինչպես նաև այդ ժամանակ վարչապետի խորհրդատուի պաշտոնը զբաղեցնող Արարատ Գոմցյանի որդին՝ Դվին Գոմցյանը: 2010 թվականին էլ ընկերության 25-ական տոկոսի բաժնետերեր են դարձել հենց Լյուդվիգ Սարգսյանը, որն այդ ժամանակ թոշակի էր անցել, և Արարատ Գոմցյանը՝ այդ պահին զբաղեցնելով Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնը (մինչև 2017թ.): Ինչ վերաբերում է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին պետ Լյուդվիգ Սարգսյանին, ապա նա 2009 թվականից մինչև վերջերս «Հայինկասացիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենն էր:
ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որդու ղեկավարած ընկերությունը

Օղակաձև զբոսայգու ամենախոշոր վարձակալներից մեկն էլ «Գեյմ-Սերվիս» ՓԲԸ-ն է: Ընկերությանը 2013թ. մարտի 19-ին կնքված պայմանագրով՝ մինչև 2038 թվականը վարձակալության իրավունքով տրվել է 7887 քմ մակերեսով հողամաս: Այդ տարածքի համար «Գեյմ-Սերվիս» ՓԲԸ-ն տարեկան վճարում է 204 հազար դրամ կամ այլ կերպ ասած՝ ամսական 1 քառակուսի մետրի համար ընդամենը 2 դրամ:
«Գեյմ-Սերվիս» ՓԲԸ-ի վարձակալած տարածքում թենիսի կորտեր են, որտեղ գործում է թենիսի «Արարատ» ակումբը: 2000-ականների սկզբին «Գեյմ-Սերվիս»-ի տարածքը վարձակալության իրավունքով, իսկ տարածքում եղած անշարժ գույքը՝ սեփականության իրավունքով պատկանել են «Թենիսի «Արարատ» մարզական ակումբ» հասարակական կազմակերպությանը, որի բաժնետերերից են եղել Լյուդվիգ Սարգսյանն ու Արարատ Գոմցյանը, որոնց մասին արդեն խոսել ենք, ինչպես նաև՝ Գրիգոր Մելքումյանը: Վերջինս զբաղեցրել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականի, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, ապա նաև տրանսպորտի և կապի նախարարի գլխավոր խորհրդականի պաշտոնները (Գագիկ Բեգլարյանի հետ քաղաքապետարանից տեղափոխվել է նախարարություն): 2016 թվականից սկսած վարձակալության տրված տարածքի անշարժ գույքը «Գեյմ-Սրեվիս»-ի սեփականությունն է:
«Գեյմ-Սերվիս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1999 թվականի սեպտեմբերի 24-ին, կանոնադրական կապիտալն այժմ կազմում է 55 միլիոն դրամ: Ընկերության կանոնադրությունից պարզ է դառնում, որ ընկերությունը հիմնել են «Արարատ» մարզական ակումբը և «Հայաստան» մարզական միությունը: «Գեյմ-Սերվիս»-ի գործադիր մարմինը նույնպես պատահական մարդ չի ղեկավարում: Ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Էդուարդ Սանամյանը՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ, վարչապետի նախկին (Կարեն Կարապետյանի օրոք) խորհրդական Սամվել Սանամյանի որդին:
«Գեյմ-Սերվիսը» ներքաշված է եղել բազմաթիվ դատական գործերում: Դրանցից մեկը վերաբերում է ընկերության բաժնետոմսերի բաշխմանը: Մասնավորապես՝ 2018 թվականի հունիսին Լյուդվիգ Սարգսյանն ու Կարեն Գևորգյանը դատական հայց են ներկայացրել «Գեյմ-Սերվիս» ՓԲԸ-ի դեմ՝ բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով: Որպես երրորդ անձ ներգրավված են եղել «Գեյմ-Սերվիս»-ի 90 տոկոս բաժնեմասի սեփականատեր, «Արարատ» մարզական ակումբի մյուս մասնակիցները, այդ թվում՝ Գրիգոր Մելքումյանը և Արարատ Գոմցյանը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, հայցադիմումը անհիմն է գնահատել և մերժել այն:
«Գեյմ-Սերվիս» ՓԲԸ-ն 2011-2016թթ. Երևանի քաղաքապետարանի հետ 5 դատական վեճ է ունեցել, որոնցից 4-ը վերաբերում է Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում զբաղեցրած տարածքի վարձավճարի բռնագանձմանը։ Օրինակ՝ 2014թ. հայցադիմումը վերաբերում է 1200 քմ տարածքի վարձավճարին։ Ըստ հայցի՝ համայնքը պահանջում է ընկերությունից վճարել 1,56 մլն դրամ, որից 1 մլն 55 հազար դրամը չվճարած վարձն է, իսկ 506 հազար դրամը որպես տույժ։ Դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետարանի հայցը՝ պարտավորեցնելով ընկերությանը վճարելու պարտքը և տույժերը։ 2016թ. հայցով էլ քաղաքապետարանը պահանջել է վճարել մոտ 14,255 մլն դրամ վարձը և դրան գումարված 10 մլն դրամ տույժը։ Կողմերի միջև 2016թ․ նոյեմբերին կնքվել է հաշտություն, ըստ որի՝ նույն օրը պատասխանող կողմը պետք է վճարեր հիմնական վարձավճարի պարտքը, իսկ տույժերն ամբողջությամբ պետք է մարեր մինչև նույն թվականի դեկտեմբերի 30-ը։
Երևանի նախկին քաղաքապետ և ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի ընտանիքի ընկերությունը

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում 1999 թվականից հողամաս է վարձակալել նաև «Լուսին և Արամ» ՍՊԸ-ն, որը հետագայում դարձել է Երևանի նախկին քաղաքապետ և ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի ընտանիքի սեփականությունը:
Երևանի քաղաքապետարանի ու «Լուսին և Արամ» ՍՊԸ-ի միջև պայմանագիրը կնքվել է 1999 թվականի հուլիսի 8-ին, համաձայն որի՝ ընկերությանը վարձակալության իրավունքով տրվել է 380 քառակուսի մետր մակերեսով հողամաս:
Հողամասը հատկացվել է սրճարան կառուցելու նպատակով: Այդ ժամանակ 1 հեկտար հողամասի կադաստրային արժեքը եղել է 19 մլն 815 հազար դրամ կամ 1քմ-ը՝ 1980 դրամ, իսկ «Լուսին և Արամ» ՍՊԸ-ի վարձակալած տարածքի մակերեսը հաշվարկվել է հողամասի կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով: Այսինքն՝ ընկերությունը 380 քմ-ի համար տարեկան վճարել է 226 հազար դրամ, ամսական 1 քմ-ի համար՝ 50 դրամ:
Ընկերության և քաղաքապետարանի միջև պայմանագիրը կնքվել է 15 տարի ժամկետով, այսինքն՝ մինչև 2014 թվականը: Երևանի քաղաքապետի 2013թ. փետրվարի 5-ի որոշմամբ՝ 1999թ. կնքված պայմանագրում մի շարք փոփոխություններ են սահմանվել, որից հետո կնքվել է նոր համաձայնագիր՝ երկարացված ժամկետով: Փոփոխության է ենթարկվել նաև վարձավճարի չափը: Մասնավորապես հողամասի 1 քմ-ի կադաստրային արժեքը դարձել է 60 հազար դրամ (տարածվում է ամբողջ Օղակաձև զբոսայգու վրա)՝ նախկին 1980 դրամի փոխարեն:
Քաղաքապետի այդ որոշումից և կնքված համաձայնագրից հետո «Լուսին և Արամ» ՍՊԸ-ի տարեկան վարձավճարը սահմանվել է 1 մլն 262 հազար դրամ, որից 826 հազարը՝ սրճարանի, իսկ 436 հազար դրամը բարեկարգման և կանաչապատման համար:
«Լուսին և Արամ» ՍՊԸ-ն հիմնադրել են Մանվել և Գայանե Սարգսյանները 1998 թվականի ապրիլի 12-ին: 2008 թվականին ընկերությունը դարձել է Սուրեն Աբրահամյանի որդու՝ Արման Աբրահամյանի սեփականությունը, իսկ 2018 թվականից ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը դարձել է նախկին քաղաքապետի հարսը՝ Մարինա Աբրահամյանը:
Օղակաձև զբոսայգում ընկերության զբաղեցրած տարածքում կարաոկե ակումբ է:
«Երևանի վատագույն օբյեկտ-2011»

2011 թվականին Երևանի քաղաքապետարանը Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գործող «Դալիլա» ՍՊԸ-ին հանձնել է «Երևանի վատագույն օբյեկտ» մրցանակը՝ որպես անբարեխիղճ տնտեսվարող:
«Դալիլա ՍՊԸ»-ն Օղակաձև զբոսայգում տարածք է վարձակալել 2002 թվականից: Ընկերության և քաղաքապետարանի միջև գործող պայմանագիրը կնքվել է 2016 թվականի հունիսի 29-ին: Սրճարանի, հասարակական շինության, բարեկարգման և կանաչապատման նպատակով Ալեք Մանուկյան 2/1 հասցեում ընկերությանը վարձակալության իրավունքով տրվել է 879 քառակուսի մետր մակերեսով հողամաս: Պայմանագրի ժամկետը լրանում է 2033 թվականի հունիսի 5-ին:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում





