Բաքուն պարբերաբար փորձում է իրավիճակը տանել նոր էսկալացիայի, Երևանը փորձում է դա թույլ չտալ. Վահագն Ալեքսանյան
Բաքուն պարբերաբար փորձում է իրավիճակը տանել դեպի նոր էսկալացիայի, իսկ հայկական կողմն ամեն անգամ փորձում է այդ նոր էսկալացիան թույլ չտալ:
Խորհրդարանական ճեպազրույցում այս մասին ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի կրակոցներին:
«Բնականաբար, Բաքուն պարբերաբար փորձում է տանել իրավիճակը դեպի նոր էսկալացիայի, մենք էլ, բնականաբար, ամեն անգամ փորձում ենք այդ նոր էսկալացիան թույլ չտալ: Մենք հասկանում ենք, որ իրավիճակի լարումը կամ հնարավոր էսկալացիան կախված է ինչպես Բաքվի ցանկություններից, այնպես էլ մեր՝ այդ իրավիճակը կառավարելու ունակություններից»,-ասաց պատգամավորը:
Նա հավելեց՝ հայկական կողմն այս սկզբունքով է առաջնորդվում:
«Եվ մենք միշտ պատրաստ ենք ու ամեն ինչ անում ենք՝ այդ պատասխանատվությունը կրելու և այնպես անելու, որ մեր հանրապետության վրա նոր պատերազմ հանկարծ չլինի»,-ասաց Ալեքսանյանը՝ անթույլատրելի համարելով սահմանային էսկալացիայի փորձերը: