Բալասանյանը պատմել է Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպման, Վանեցյանի հետ հարաբերությունների ու իր առաջադրման մասին
Երբևէ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը չի կարող ինձ ուղղորդել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանն` անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպմանը:
Նա տեղեկացրեց. «Մենք ճանապարհ ենք անցել, ես բոլորի հետ էլ հանդիպում եմ: Երբ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության և ես հանդիպել եմ Սերժ Սարգսյանին, նա ասել է՝ ամեն ինչ կանեք, որ Հայաստանի հետ չհակադրվեք, պետք է հարաբերությունները ջերմ պահեք: Հիմա էլ Սերժ Սարգսյանը գտնվում է Արցախում, երեկ երեկոյան միասին ընթրել ենք: Հավատացեք` քաղաքական որևէ հարց չենք քննարկում»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի 2005-ի այն հայտարարությանը, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ», Բալասանյանը մեկնաբանեց, թե քաղաքականության մեջ կարող է նման բացթողում լինել. «Այնպես չէ, որ Սերժ Սարգսյան ասել է՝ Աղդամը մեր հայրենիքը չէ և դա եղել է բանակցային սեղանին դրված փաստաթուղթ»:
Բալասանյանը նկատեց, որ 2016-ից հետո Սերժ Սարգսյանին հաջողվեց հասնել նրան, որ ձեռք բերվեցին Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի փաստաթղթերը, որոնցով ինչ-որ կերպ ճանաչվում էր Արցախ-Ադրբեջան սահմանագիծը, մինչդեռ Փաշինյանը դրանք ի չիք դարձրեց:
Ինչ վերաբերում է Արցախի նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրմանը, Վիտալի Բալասանյանն ասաց, որ չի բացառվում` իր թեկնածությունը ներկայացվի դաշինքի շրջանակներում. «Այս պահին որոշում չկա: Հիմա ինձ սատարում է նորաստեղծ «Արդարություն» կուսակցությունը»:
Հարցին`ընտրվելու դեպքում ինչպես է համագործակցելու ՀՀ իշխանության հետ, որին մեղադրում է դավաճանության մեջ, նա արձագանքեց. «Եթե վաղը Արցախի ժողովուրդն իր քվեն տա ինձ, ի՞նչ կապ ունեն մեր անձնական հարաբերությունները: Ես հիմա էլ եմ պատրաստ` Նիկոլ Փաշինյանը չլինի, ցանկացած մարդու հետ նստել, խոսել, քննարկել, լսել, համագործակցել: Եթե ընտրվեմ, պահելու եմ պետական կուրսը»:
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ հարաբերությունների մասին էլ Բալասանյանն ասաց` նրա հետ հարաբերությունները ջերմ են`երբ Վանեցյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն, այցելել է Արցախ, իսկ ինքը այդ ժամանակ ԱԽ քարտուղարն էր, հանդիպել են, հարցեր են քննարկել, միասին հաց կիսել: